Տիխանոսվկայայի հետ պաշտոնական հանդիպում չի եղել, միջանցքում պատահաբար են հանդիպել․ Նելլի Ղուլյան

Տիխանոսվկայայի հետ պաշտոնական հանդիպում չի եղել, միջանցքում պատահաբար են հանդիպել․ Նելլի Ղուլյան

Mediahub-ն այսօր գրել էր, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել բելառուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Սվետլանա Տիխանովսկայայի հետ։ Այդ մասին մենք տեղեկացել ենք բելառուսական լրատվամիջոցներից և անձամբ Տիխանոսվկայայի՝ X-ում կատարած գրառումից։ Նա, մասնավորապես, գրել է․ «Հիանալի հանդիպում ունեցա Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Ես ակնկալում եմ ավելի մեծ համագործակցություն ու գործընկերություն, ինչպես խորհրդարանական, այնպես էլ հասարակական մակարդակով: Ես իմ աջակցությունն եմ հայտնել Հայաստանի Ազգային ժողովի հետ սերտ համագործակցելու ջանքերին»։ ԱԺ նախագահի մամուլի ծառայության կողմից, սակայն, որևէ պաշտոնական հաղորդագրություն չկա այդ մասին։

Mediahub-ը ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանից հետաքրքրվել էր հանդիպման մանրամասների մասին, ինչպես նաև հարցրել էինք, թե ինչո՞ւ այդ մասին որևէ հաղրոդագրություն չի տարածվել։ Քիչ առաջ Նելլի Ղուլյանը մեզ փոխանցեց, որ դա եղել է պատահական, չպլանավորած հանդիպում։ «Տիխանոսվկայայի հետ պաշտոնական հանդիպում չի եղել, զուտ Եվրանեսթի անցկացման վայրում՝ միջանցքում պատահաբար են հանդիպել, որի ընթացքում զրույցի են բռնվել, քննարկել են Տիխանովսկայայի անդրադարձը Հայաստանին, որը նա ունեցել էր իր ելույթում»,- ասաց Նելլի Ղուլյանը։

Նշենք, որ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հիմա էլ Ժնևում է, որտեղ նախատեսվում է հանդիպում Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ։

Վահե Մակարյան