Վերիշենի սարերը այրվում են. Ադրբեջանցիների ձեռքի գործն է, խուճապահար են անում

Վերիշենի սարերը այրվում են. Ադրբեջանցիների ձեռքի գործն է, խուճապահար են անում

Համացանցում հայտնվել են տեսանյութեր եւ նկարներ այն մասին, թե ինչպես են ադրբեջանցիներն այրել Սյունիքի մարզի Սեւ լճի հատվածի սարալանջերը։

Տեղեկության իսկությունը MediaHub-ի հետ զրույցում հաստատեց Գորիսի տարածաշրջանի Վերիշեն համայնքի վարչական ղեկավար Արտակ Զադայանը։

Հրդեհը նկատել են առավոտյան ժամը 9-ին։

Վերիշենի վարչական ղեկավարը միտում է տեսնում ադրբեջանցիների գործողություններում։ «Ադրբեջանցիների ձեռքի գործն է, բա էլ ո՞ւմ, ուզում են խաճապահար անել բնակչությանը»,-ասում է նա։

Զադայանը նշեց, որ հրդեհը տարածվել է Սեւ լճի հատվածում գտնվող Քաչալսար լեռների փեշերից։
Նշենք, որ ադրբեջանցիները Սյունիքի մարզի այս հատվածում հայտնվեցին 2021թ․ մայիսի 12-ից։ Դեպքից 16 օր անց՝ մայիսի 28-ին, Նիկոլ Փաշինյանը ՔՊ ակտիվի հետ հանդիպման ժամանակ ադրբեջանցիների՝ Հայաստանի սուվերեն տարածք ներխուժելու իրողությանն այսպես արձագանքեց․

«Ասենք՝ մենք Սեւ լճի էդ 30 տոկոսի համար պատերազմ ենք սկսում. ոչ, չի լինում նման բան, մենք չենք գնալու իրավիճակի սրման», ֊ասել էր նա:

Վերիշենի վարչական ղեկավարը այս պահի իրավիճակն է ներկայացնում՝ հրդեհը Վերիշենի սարերն է հասել։

«Բռնկվել է այն հատվածում, որտեղ ադրբեջանցիներն են նստած։ Քանի որ սարերի բարձրադիր հատվածների խոտը չի հնձվում, հրդեհն ավելի լայն տարածում է գտնում։ Քամին հիմա հարավ է փչում եւ այդ է պատճառը, որ Սեւ լճի տարածքից, Քաչալսար կոչվող հատվածից թեքվել է դեպի Վերիշենի սարերը»,-նշեց նա՝ ընդգծելով՝ բարերախտաբար գյուղին վտանգ չի սպառնում:

 

Լիա Սարգսյան