Ի՞նչ նախընտրական եռուզեռ. մեր ուշք ու միտքը Արցախի հարցն է. պատգամավոր

Ի՞նչ նախընտրական եռուզեռ. մեր ուշք ու միտքը Արցախի հարցն է. պատգամավոր

Սիսիանում ոչ մի եռուզեռ էլ չկա, մարդկանց ուշք ու միտքը Արցախի հարցն է. այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը:

Մամուլն այսօր գրել էր, թե Սիսիան համայնքի նախկին ղեկավար, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը որոշել է մասնակցել ընտրություններին՝ հետագայում համայնքի ղեկավար դառնալու մտադրությամբ:

«Նման քննարկում չկա, ես նման որոշում չունեմ, ոչ մի նախընտրական եռուզեռ էլ չկա: Արցախը շուրջ մեկ ամիս է շրջափակման մեջ է, ի՞նչ նախընտրական եռուզեռ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե, այդուհանդերձ, չի՞ մտածում առաջադրվելու ուղղությամբ, Արթուր Սարգսյանն արձագանքեց. 

«Կրկնում եմ՝ որևէ որոշում չկա: Նույնիսկ քննարկում չի եղել՝ թիմով մասնակցել, միայնակ: Դրա ժամանակը չի»:

Նշենք, որ ԿԸՀ այս տարվա առաջին նիստում որոշում կայացվեց Սիսիան համայնքում համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրություններն անցկացնել 2023 թվականի մարտի 26-ին։