Փաստացի Դուրովի ձերբակալության հետեւում կանգնած է Վաշինգտոնը․ Վյաչեսլավ Վոլոդին

Փաստացի Դուրովի ձերբակալության հետեւում կանգնած է Վաշինգտոնը։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։
«Telegram-ն այն սակավաթիվ և միևնույն ժամանակ ամենամեծ ինտերնետային հարթակներից է, որի վրա ԱՄՆ-ն ազդեցություն չունի։ Միաժամանակ, այն գործում է նրանց համար հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ երկրներում։
ԱՄՆ նախագահական ընտրությունների նախաշեմին Բայդենի համար կարեւոր է Telegram-ը վերահսկողության տակ առնելը։
Վաշինգտոնի համար սոցիալական ցանցերում հսկողությունը, դրանց ամբողջական գրաքննությունն ու ենթակայությունը, այդ թվում՝ շանտաժի միջոցով՝ տարբեր տեսակի սպառնալիքների դեմ պայքարի քողի տակ, քաղաքական վերահսկողության և արտաքին ազդեցության ավանդական մեթոդներ են»,- ընդգծել է ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյան։
Վոլոդինը գրել է, որ համաշխարհային ցանցերի մեծ մասը ծագումով ամերիկյան են, և Սպիտակ տունը վերահսկում է դրանք։ «Բայց նրանք դեռ չեն կարող ստիպել Telegram-ին իրականացնել նախնական մոդերացիա և տվյալներ տրամադրել Պետդեպին և ԿՀՎ-ին: Ուստի Ֆրանսիայի միջոցով փորձում են Դուրովին մեղադրել տասից ավելի հանցագործությունների մեջ, որոնց հոդվածների ցանկը բավականին լայն է»։
«Ինքը՝ Դուրովը, երբեք պատրանքներ չի ունեցել Միացյալ Նահանգների մասին, նա այն անվանել է ոստիկանական պետություն։ Ասել է, որ Սիլիկոնյան հովտի հաջողություններն անցյալում են, այնտեղ բիզնես անել այլեւս չարժե։ Նա հայտարարել է ՀԴԲ-ի և հետախուզական գործակալությունների կողմից անձամբ իր և իր ընկերության նկատմամբ չափազանց մեծ ուշադրության ու փորձերի՝ հավաքագրել Telegram-ի աշխատակիցներին՝ ներսից ՏՏ կորպորացիայի աշխատանքի վրա ազդելու համար»,- ընդգծել է ՌԴ Պետական դումայի նախագահը:
Այն երկրները, որտեղ Telegram-ն ակտիվորեն գործում և զարգանում է, պետք է հասկանան տեղի ունեցողի էությունը և որոշեն՝ ցանկանո՞ւմ են, որ Վաշինգտոնը նույնպես վերահսկի այս հարթակը, թե՞ դրա աշխատանքը դեռ չպետք է կարգավորվի հանուն ԱՄՆ-ի քաղաքական շահերի»։