«Երեկ դրոշ չենք վառել, պարոն Փաշինյան, ինչո՞ւ են կրակում». Ադրբեջանը կրակել է քաղաքացու ուղղությամբ

Մինչ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում սպառնում է ընդդիմադիր պատգամավորներին՝ «սաղիդ կլցնենք ԱԱԾ պադվալ», «կախաղան կհանենք» «վեր ընկի տեղդ, ներվերս չուտես այ համբալ» խոսույթով, Ադրբեջանը չի հանդարտվում ու անցած գիշեր շարունակել է կրակել սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ։
Գիշերը Սյունիքի Խոզնավարում թիրախավորվել է մեկ մեքենա։
«Ժամը 12:30-ին մեր համագյուղացիներից մեկն իր մեքենայով տուն էր վերադառնում։ Ընդհանրապես այդ ժամերին գյուղում որևէ շարժ չի լինում, քանի որ վախ կա, որ կթիրախավորվեն։ Վարորդը նկատել է, որ կրակում են իր ուղղությամբ, անջատել է մեքենայի լույսերը, սպասել մինչև կրակը դադարի նոր շարժվի։ Մի քանի րոպե սպասել է, հետո առանց լուսավորության շարժվել, նորից են կրակել, բախտը բերել է՝ ո՛չ մեքենային է կպել, ո՛չ իրեն։ Այսինքն, կարողացել ա արագ փախցնի մեքենան։ Երեկ էլ դրոշ չենք վառել, պարոն Փաշինյան, պարոն Պապիկյան, բա ինչո՞ւ են կրակում»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց խոզնավարցի մեր զրուցակիցը։
Նրա խոսքով՝ չկա օր, որ Ադրբեջանը չկրակի Սյունիքի սահմանամերձ գյուղերին։ Խնածախում, Խոզնավարում, Արավուս և Տեղ գյուղերում մարդիկ վախի մեջ են։
«Անորոշության մեջ մարդը ո՞նց կարա լավ ապրի, կամ ընդհանրապես ապրի։ Գոյատևում ենք, ամեն օր մեկս մեկին հույս տալով, որ լավ կլինի, բայց ոչ մի բան դեպի լավը չի գնում։ Հակառակը, ջահելները դուրս կգան, մենք կմնանք էստեղ սահմանին։ Բայց եթե թեկուզ էսքան մոտ լինեն, բայց չկրակեն, էլի բան ա։ Անցած 2 օրերին Իշխանասարի մեր դիրքերին են կրակել, սրանք ի՞նչ գործ ունեն Սև լճի տարածքում»,- ընդգծեց նա։
Խնածախի, Արավուսի և Տեղի բնակիչները ևս MediaHub-ին փոխանցեցին իրենց մտահոգությունն ու հիասթափությունը։ Ամենօրյա կրակոցների և ահաբեկչական գործողությունների պատճառով գյուղական բնակավայրերում ապրող այս մարդիկ գյուղատնտեսությամբ չեն կարողանում զբաղվել։
«Հայաստանը երբեք էսքան խեղճացած վիճակում չէր եղել։ Էս ի՞նչ օրի հասցրին մեր ժողովրդին»,- հավելեց մեր զրուցակիցը։
Հունան Թադևոսյան