Պուշկինի անվան դպրոցի ուսուցիչները դիմումներ են գրել. կրթօջախում դասադուլ է, ասում են՝ ՔՊ–ի մատն էլ խառն է

Պուշկինի անվան դպրոցի ուսուցիչները դիմումներ են գրել. կրթօջախում դասադուլ է, ասում են՝ ՔՊ–ի մատն էլ խառն է

Պուշկինի անվան թիվ 8 դպրոցում այսօր վաղ առավոտվանից թեժ է, ծնողներն ու աշակերտները բոյկոտում են։ MediaHub-ը գրել էր, որ ծնողներից ահազանգ էինք ստացել, որ Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի տնօրենին՝ Նատալյա Ստեփանյանին ազատում են աշխատանքից և իր տեղը բերում են նոր տնօրենի: Ավելի ուշ ծնողները մեզ հետ զրույցում ասացին, որ անգամ գիտեն, թե ով է նշանակվելու նոր տնօրեն՝ Վանաձորի բնակիչ, ով անցել է մրցույթը։

«Երեխաները լացում են, ծնողները անհանգստացած են, բոյկոտում ենք, ստորագրահավաք ենք անում: Ժամը 19։00-ին էլ հրավիրում ենք ԿԳՄՍՆ–ին ու Ավինյանին, այսօր եկել ենք, իմացել` տնօրեն չունենք, ԺՊ չկա»,– նշեց ծնողներից մեկը։

MediaHub-ի տեղեկություններով՝ Պուշկինի անվան դպրոցի ուսուցիչների մեծամասնությունը դիմումներ է գրել՝ չցանկանալով այլևս աշխատել կրթօջախում, եթե տնօրենին հեռացնում են աշխատանքից։ MediaHub-ի աղբյուրները հայտնում են, որ մրցույթը օրեր առաջ է կայացել, մրցույթում 3 կողմ 2 դեմ ձայներով ընտրվել է Նատալյա Ստեփանյանը, սակայն, իրեն հայտնել են, թե օրենք է փոխվել և առնվազն 4 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցություն պետք է լինի։ 

Մեր աղբյուրների փոխանցմամբ,  շրջանառվում է, թե դպրոցի տնօրենին փոխելով խնդիրը չի սահմանափակվելու, քանի որ ՔՊ–ն հեռահար պլաններ ունի, դպրոցի վրա «աչք է դրել», ինչ–որ բիզնես պլան է մշակել, որպեսզի «ռուսական թեքումով դպրոցն» իր ձեռքը վերցնի:

Ըստ ծնողների՝ տնօրենը, որն այս պահին ԺՊ է, բավականին երկար ժամանակ էր այդ պաշտոնին, բոլորը նրան սիրում են և չեն հասկանում, թե ինչո՞ւ են նրան ազատում աշխատանքից: 

Ի դեպ, մեզ հիշեցրեցին, որ Պուշկինի անվան թիվ 8 դպրոցում է սովորել նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նաև այդ պատճառով է, որ այսօր ժամը 19։00-ին ծնողներն ու ուսուցիչները Տիգրան Ավինյանին և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին հրավիրել են դպրոց` քննարկման, որպեսզի հասկանան այս քայլի պատճառները։

Հիշեցնենք, որ MediaHub-ին Երևանի քաղաքապետարանից հայտնել էին, թե նոր տնօրեն չի նշանակվել, և այդպիսի որոշում չկա:

«Այդպիսի բան, իհարկե, չկա, դպրոցում, երկար ժամանակ է, տնօրեն չկա, մրցույթային պրոցես է տեղի ունենում, դպրոցի ուսումնական գծով տեղակալներից մեկը տնօրենի պաշտոնակատարն է: Նա շարունակելու է առ այս պահը, այլ որոշում չկա, շարունակելու է պարտականությունները կատարել մինչ ընթացակարգով տնօրեն կընտրվի»,- նշել էր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը:

Նա նաև փոխանցել էր, որ ԺՊ-ն կարող է մյուս մրցույթին մասնակցել, որը տեղի կունենա ընթացակարգով։

Մարիաննա Արամյան