Այնպես չէ, թե որևէ մեկը սահմանազատմանը դեմ է, բայց դա չպիտի լինի շանտաժի պայմաններում․ Միքայել Սրբազան

Այնպես չէ, թե որևէ մեկը սահմանազատմանը դեմ է, բայց դա չպիտի լինի շանտաժի պայմաններում․ Միքայել Սրբազան

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը քայլերթով Գյումրիից գալիս է Աբովյան՝ միանալու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը։ Նա լրագրողների հետ զրույցում ասաց, թե այնպես չէ, որ իրենք՝ եկեղեցականները կամ որևէ մեկը, ապրիորի սահմանազատմանը դեմ է, «բայց դա չի կարող լինել շանտաժի տեսքով, սպառնալիքի լեզվով»։

«Եւ, ընդհանրապես, ոչ թե պիտի սահմանազատումը և սահմանագծումը լինի, որին հաջորդի խաղաղության պայմանագիրը, այլ եթե խաղաղություն է ուզում հաստատել, պայմանագիրը հենց հիմա պետք է ստորագրի, որից հետո պիտի սկսի սահմանազատումը և սահմանագծումը։ Որևիցե մի քաղաքակիրթ երկիր չի կարող սպառնալ այլ երկրի պատերազմով և ստիպել գծել սահմաններն այնպես, ինչպես ինքն է ուզում»,- ասաց Միքայել Սրբազանը։

Նա նաև նկատեց, որ մենք Վրաստանի հետ մինչ այս պահը սահմանազատում և սահմանագծում չենք արել․ «Ի՞նչ է, Վրաստանը մեզ պատերազմո՞վ է սպառնում։ Հետևաբար, այս գործընթացը չի կարող լինել պատերազմի սպառնալիքի, պատերազմի շանտաժի պայմաններում»։