2018 թվականին ես էլ սխալվեցի... երկու օր․ Միքայել Սրբազան 

2018 թվականին ես էլ սխալվեցի... երկու օր․ Միքայել Սրբազան 

Էն օրն են ընկել, որ իրենց նպաստող տեսակետը իրենք օգտագործում են իբրև կոմպրոմատ։ Էդ օրին են հասել։ Այո, 2018 թվականին ինչպես բոլոր մարդիկ կարող էին սխալվել, ես էլ սխալվեցի... երկու օր, երկու օր եմ սխալվել՝ ապրիլի 23-ին և 24-ին, ապրիլի 25-ից արդեն սխալս գիտակցել եմ, բայց էդ սխալը մնացել է իմ կենսագրության մեջ։

Այս մասին այսօր Գյումրիից դեպի Աբովյան երթից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով 2018 թվականին Նիկոլ Փաշինյանին աջակցելու փաստին, որն այսօր շահարկում են իշխանությունները։

Հարցին՝ իշխանությունը վախեցա՞ծ է այս շարժումից, Սրբազանն ասաց, որ, «իհարկե, վախեցած է, հակառակ դեպքում եկեղեցուն այսքան չէին մեղադրի»։

Իսկ կիսո՞ւմ է այն տեսակետը, որ եկեղեցին քաղաքականությամբ չպիտի զբաղվի, Միքայել Սրբազանն ասաց, որ չի կիսում, բնականաբար, և ինքը միշտ էլ ակտիվ քաղաքական կարծիքներ հնչեցրել է բոլոր իշխանությունների օրոք։ 

«Քաղաքական կյանքով չզբաղվելը վերաբերում է ձգտում չունենալուն՝ լինելու պետական կառավարման ղեկին։ Մենք չունենք նման ցանկություն և ամբիցիա՝ լինելու պետական կառավարման ղեկին»,- ասաց Սրբազանը՝ նշելով, որ իրենք, սակայն, չեն կարող լինել անտարբեր Հայաստանում տեղի ունեցող պրոցեսներին։