Չենք ուզում, որ գազն ու ցորենը թանկանա, որ մրսենք ու սոված մնանք, ինչ է թե «ԵՄ են գնում»․ Ավետիսյան

Փետրվարի 11-ին մեկնարկող ԱԺ լիագումար նիստում քննարկվելու է նաև «Եվրաքվե»-ի նախագիծը։ Եթե խորհրդարանը հավանություն տա նախագծին և այն ընդունվի, ապա ի՞նչ է սպասվում Հայաստանին։ Հարցի շուրջ MediaHub-ը զրուցել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հետ։
Նրա խոսքով՝ երկրի տնտեսության վիճակը ներքին մակարդակում վատանում է, քանի որ գյուղատնտեսությունն ազատ անկման մեջ է, և հիմա էլ արտաքին կառուցվածքի համար են նոր խնդիրներ առաջացնում։
«Արդյունաբերությունը մեր երկրում չնչին աճ է ապահովում, ՏՏ ոլորտում էլ լուրջ դժվարություններ կան։ Իսկ ՀՀ տնտեսության աճն էլ պայմանավորված է եղել ռուս-ուկրաինական պատերազմի պայմաններով, և նաև դեպի ՌԴ վերարտահանման աճի մեծ տեմպերով։ Այսինքն՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին կառուցվածքում բացասական միտում կա։ Եվ այդ դեպքում էլ՝ արտաքին կառուցվածքում ՌԴ-ի տեսակարար կշիռը էապես աճել է այս իշխանության օրոք՝ հասնելով 42%-ի։ Այս նույն ժամանակահատվածում նվազում է ԵՄ անդամ պետություններ ապրանքների արտահանման տեսակարար կշիռը։ Դեպի ԱՄՆ ապրանքների արտահանումն էլ 2024-ին գրեթե 40% նվազել է։ Եվ այս պայմաններում ինչ-որ անորոշ, ձևական ու անհասկանալի նպատակներով այս պարագայում էլ են կասկածի տակ դնում հիմնական գործընկերոջ հետ հարաբերությունները»,- նկատեց նա։
Ըստ Ավետիսյանի՝ այստեղ տնտեսական առումով որևէ հաշվարկ չկա, ՀՀ գործող իշխանությունն առաջնորդվում է իր շահով։
«Ժողովուրդը շատ լավ խոսք ունի, ասում է՝ խելացի գառը մի քանի մոր կաթ է ուտում, իսկ անխելքը միայն այս ու այն կողմ է վազում, ու վերջում էլ սովից սատկում է։ Մենք հիմա այդ անխելք գառի դերում ենք։ Ռեալ հողի վրա, լավ թե վատ, կա պետություն, որի հետ գործակցությունը դրական է ազդում մեր տնտեսության վրա։ Բայց մենք գնում ենք դեպի երևակայական մի դաշտ, ինչ-որ իլուզիա ենք առաջացնում։ Բացի այդ, որևէ մեկը չէր խանգարում այս իշխանությանը, որ զարգացներ առևտրաշրջանառությունը ԵՄ անդամ պետությունների, ԱՄՆ-ի ու Չինաստանի հետ, բայց այդ հարցում էլ են ձախողել»,- նկատեց նա։
Թադևոս Ավետիսյանի դիտարկմամբ՝ այսօր պատասխանատվությունը հենց այս իշխանությանն է, որ մարդիկ չկարողանան իրենց ապրանքը տարբեր միջազգային մեծ շուկաներում վաճառել։
«Իսկ այս նախագիծն արհեստականորեն է բերվել օրակարգ։ Որևէ տեղ հստակ նշված չի՝ մենք ինչն ենք քննարկում, ինչն ենք ինչի հետ համեմատում։ Ո՞ւր է այն մոդելը, որում ձևակերպված է՝ այսինչ բանը փոխարինում ենք այնինչ բանով։ Այս իշխանության գրպանում տեղավորված ուժիկները, կենդանության նշան են փորձում ցույց տալ՝ տանելով մի օրակարգ, որը տեղավորվում է այս իշխանության նեղ շահի մեջ։ Հանրությանը մոլորեցնելու քայլ է տարվում, փորձում են իրենց իշխանությունը մեկ օր ավելի ձգել»,- նշեց նա։
Ավետիսյանը նկատեց՝ իրենք չեն էլ թաքցնում, որ ԵԱՏՄ-ում էլ խնդիրներ կան, բայց դրանց լուծման ուղղությամբ քայլեր հնարավոր է անել, թեև, այստեղ էլ հարաբերությունները փչացնողը հենց այս իշխանությունն է։
«Զարգացման ներուժ էլ կա, որը կարելի է օգտագործել։ Իսկ այն, ինչ իրենք անում են, մարդկանց հույզերի հետ խաղալ է։ Երբ ասում են՝ չե՞ք ուզում Իտալիայում սուրճ խմել, ուզում ենք, բայց չենք ուզում սոված մնալ, ձմռանը մրսել, ինչ է թե գազը թանկ է, հացը թանկանա, ինչ է թե ցորենը թանկ է։ Այս ամենի մասին պետք է մտածել»,- ամփոփեց խոսքը Թադևոս Ավետիսյանը։
Նարե Գնունի