ՔՊ-ականներից ավելի նիկոլական․ ուրիշների հաշվին «փիառվող» Շիրակ Թորոսյանը

Նախկինների օրոք ՀՀԿ խմբակցության, իսկ 2018-ից կտրուկ ճամբարափոխ եղած և այժմ ՔՊ խմբակցության շարքերում իր տեղը գտած պատգամավոր Շիրակ Թորոսյանը որոշել է ՔՊ-ականներից ավելի նիկոլական լինել ոչ միայն իր հայացքներով, այլև ստով ու կեղծիքով, նաև փոքրոգությամբ և էժանագին քայլերով։ Այսօր պատահաբար նկատեցինք, որ Թորոսյանը «Ֆեյսբուքում» մի գրառում է արել հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի 140-ամյակի կապակցությամբ սպասվող մի միջոցառման վերաբերյալ՝ նշելով․
«Փետրվարի 9-ին լրանում է մեծանուն պոետ, թարգմանիչ, ազգային, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանի ծննդյան 140 ամյակը: Եկեք ավանդույթի համաձայն բոլորով միասին, պոետի ծննդյան օրը ժամը 11-ին Կոմիտասի անվան հայոց մեծերի պանթեոնում ծաղիկներ խոնարհենք մեր մեծ հայրենակցի շիրիմին, որից հետո մասնակցենք «Տերյանի հետ» գրական-երաժշտական ցերեկույթին, որը տեղի կունենա պանթեոնի հարևանությամբ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դահլիճում: Ցերեկույթի կազմակերպիչը «Տերյան» մշակութային կենտրոնն է»։
Այս գրառումը, ի դեպ, նա դրել էր գովազդի տակ, դրա համար մեզ մոտ ևս հայտնվեց։ Գրառման տակ մի քանի մեկնաբանություն կա, որոնցից մեր ուշադրությունը գրավեց Գոհար Նալբանդյան անունով մի աղջկա մեկնաբանություն, որտեղ վերջինս Թորոսյանին դիտողություն է անում, թե միջոցառման կազմակերպիչը ոչ թե միայն «Տերյան» մշակութային կենտրոնն է, այլև Ջավախքին աջակցության հիմնադրամը՝ ՋԱՀ-ը։ MediaHub-ը հետաքրքրվեց և պարզեց, որ, իրականում, միջոցառման կազմակերպման մեծ մասը հենց ՋԱՀ-ն է անում, սակայն Շիրակ Թորոսյանը ՋԱՀ-ի անունը, ենթադրաբար դիտավորյալ չի նշել, որովհետև իրեն մրցակից է համարում։
Փաստորեն, մի քանի տարի ՔՊ-ականների հետ շփվելով՝ Շիրակ Թորոսյանը ՔՊ-ականներից վատ սովորություններ է «քաշել», օրինակ՝ կեղծել և խեղաթյուրել փաստերն ու իրողությունները։
Ի դեպ, Տերյանի ծննդավայրում՝ Ջավախքի Գանձա գյուղում Վահան Տերյանի տուն-թանգարանը ևս այս տարիներին ամբողջությամբ ՋԱՀ-ն է վերականգնել, նորոգել և դարձրել զբոսաշրջիկների համար հետաքրքրություն ներկայացնող այցելության վայր, բայց ոմանք կարծում են, թե Շիրակ Թորոսյանն է այդ ամենը արել, որը ևս Գանձա գյուղից է։
Հ․Գ․ Մինչ մենք գրում էինք այս նյութը, նկատեցինք, որ Գոհար Նալբանդյանի գրառումը հեռացված է մեկնաբանությունների դաշտից, և չհասցրեցինք ժամանակին «սքրին» անել։ Հետաքրքիր է՝ հեռացրե՞լ են մեկնաբանությունը, թե՞ Նալբանդյանն ինքն է ինչ-ինչ հանգամանքներից ելնելով հեռացրել՝ շառից-փորձանքից հեռու լինելու համար։
Վահե Մակարյան