Սեպտեմբերին ընդառաջ երևանյան որոշ փողոցներ, մասնավորապես Իսահակյանն ու Մոսկովյանը դարձան միակողմանի երթևեկելի, ինչը վարորդների մեծ դժգոհությունը հարուցեց:
Շատերը նշում են, որ փոփոխությունները արվել են հապշտապ, շատ նյուանսներ չեն հաշվարկվել ու, օրինակ, Մոսկովյանը պետք է դարձնեին ոչ թե միակողմանի դեպի Աբովյան փողոց, այլ Իսահակյանն այդպիսին լիներ, քանի որ Նալբանդյանից եկող հատվածի հոսքի ծանրաբեռնվածությունն ընկնում է առանց այդ էլ միշտ խցանված Աբովյան փողոցի վրա:
MediaHub–ին ահազանգում են վարորդները՝ Երևանի կենտրոնում ճանապարհային գծանշումները փոխվելուց հետո նրանք երթևեկում են սթրեսային պայմաններում, առանց այդ էլ ոչ թեթև կյանքը էլ ավելի է բարդացել է։ Ինչպես նշում է ահազանգած վարորդներից մեկը՝ «կենտրոնի փողոցները դարձել են անկառավարելի»։
MediaHub–ին ահազանգած վարորդներից մեկը նշում է․ «Արդեն խառնում ենք, ինչպե՞ս պետք է երթևեկել, եթե օրը մի բան փոխում են։ Հիմա, օրինակ՝ Աբովյան պուրակից դեպի Տերյան փողոց ինչպե՞ս կարելի է գնալ. արդեն մասշտաբային հարց է դառնում սա»։
Վարորդները նշում են, որ նույն Մոսկովյան փողոցը դարձնելով միակողմանի, իրականում ոչինչ էլ չի փոխվել, խցանումները շարունակվում են, ավոլի են սաստկացել, մասնավորապես, Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի մոտ։ Ըստ ահազանգած քաղաքացու, ոչ մի դրական, արդյունավետ փոփոխություն չի արվել։
«Ինչ արել են՝ միայն պրոբլեմ է եղել»,– նշեց նա։
«Մոսկովյան-Նալբանդյան-Խանջյանը տեսեք, մի քաոս է, Մոսկովյան փողոցի լուսացույցը չփակած, Նալբանդյան փողոցի լուսացույցն է բացվում, ու թե կհասցնե՞ս թեքվես Խանջյան, ուրեմն շնորհավորում եմ՝ դուք շահել եք անփորձանք խաչմերուկը հատելու հնարավորություն»,– ասաց մեկ այլ վարորդ։
Սթրեսային իրավիչակներում սրվում է հումորը, վարորդները համացանցում անգամ կատակում են․
«Մի խոսքով, աչքերս փակեմ, ոտքս դնեմ գազին, Պոլիտեխնիկական համալսարանի մոտ նոր աչքերս բացեմ»։
Հիշեցնենք, Երևանի քաղաքապետարանից տեղեկացրել են, որ օգոստոսի 31-ից Իսահակյան և Մոսկովյան փողոցներում՝ Նալբանդյան փողոցից Մաշտոցի պողոտա, Իսահակյան փողոցում՝ Նալբանդյան փողոցից դեպի Մաշտոցի պողոտա ուղղությամբ, իսկ Մոսկովյան փողոցում՝ Մաշտոցի պողոտայից դեպի Նալբանդյան փողոց ընկած ճանապարհահատվածներում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի: Աբովյան – Իսահակյան փողոցների խաչմերուկից մինչև Իսահակյան փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկ ճանապարհահատվածում երրորդ երթևեկելի գոտին կառանձնացվի միայն հասարակական տրանսպորտի համար, նույնը նաև Մոսկովյան փողոցում՝ Մաշտոցի պողոտայից միչև Աբովյան փողոց:
Մարիաննա Արամյան