Քաղաքացին պետք է ցույց տա, որ անտարբեր չէ համազգային նվաստացմանը․ Սուրեն Պետրոսյան

Քաղաքացին պետք է ցույց տա, որ անտարբեր չէ համազգային նվաստացմանը․ Սուրեն Պետրոսյան

Երևանի քաղաքապետի ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը շարունակում է այցելել Երևանի տարբեր վարչական շրջաններ՝ ներկայացնելու իր քաղաքական թիմի օրակարգը։ Այս անգամ հանդիպումները Կենտրոն, Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ թաղամասերի բնակիչների հետ էին։

Կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանը բակային հանդիպումների ընթացքում նշեց, որ քվեարկելով հօգուտ քաղաքական թիմի օրակարգի՝ քաղաքացին ցույց է տալիս, որ անտարբեր չէ հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններին, համազգային նվաստացմանը։

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության քարոզարշավի օրակարգում քաղաքացիների մտածելակերպի այլափոխությունն է, ինքնության հեղափոխությունը, արժանապատիվ ապրելու պայքարը։

Ըստ Սուրեն Պետրոսյանի, երկրում գլոբալ փոփոխություններ իրականացնելու համար նախևառաջ անհրաժեշտ է իշխանափոխություն, որից հետո միայն հանրության մեջ հնարավոր կլինի իրականացնել խորքային փոփոխություն։

Քաղաքապետի ընտրությունները «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության համար վերջնակետ չեն։ Անկախ քվարկության արդյունքներից քաղաքական թիմը շարունակելու է իր օրակարգը մատուցել քաղաքացիներին և հասնել փոփոխության։