Հարց Արմեն Աշոտյանին. Ի՞նչ միջոցառումներ կառաջարկեք ձեռնարկել Արցախից տարհանված անձանց իրավունքները պաշտպանելու համար

Հարց Արմեն Աշոտյանին. Ի՞նչ միջոցառումներ կառաջարկեք ձեռնարկել Արցախից տարհանված անձանց իրավունքները պաշտպանելու համար

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից շարունակում է հեռակա ակտիվ շփումները հանրության հետ:

«5 հարց Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում, պատասխանելով Անի Համբարձումյանի՝ «ի՞նչ միջոցառումներ կառաջարկեք ձեռնարկել Արցախի Հանրապետությունից տարհանված անձանց իրավունքները պաշտպանելու համար» հարցին, ՀՀԿ փոխնախագահը նախ իր համերաշխությունն է հայտնել Արցախի մեր հայրենակիցներին, ապա հավելել.

«Երբեք չեմ մոռանա նաև, որ դեռ շրջափակված Արցախից բազմաթիվ իմ հայրենակիցներ Հայաստանում ապրող իրենց բարեկամների միջոցով փորձում էին հանձնուք ուղարկել ինձ։

Արցախի Հանրապետության քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը պետք է կազմակերպվի 3 հիմնական օղակների միջոցով` Արցախի իշխանություններ, Հայաստանի իշխանություններ և Սփյուռքի մեր հայրենակիցներ։ Եթե հատ-հատ վերլուծենք այս օղակների աշխատանքը, ապա ցավով կարձանագրենք հետևյալը։

Արցախի իշխանությունները խիստ կաշկանդված են և պառակտված, արցախցիների զգալի մասը կամ դեռ սթրեսի մեջ է, կամ կախյալ են Փաշինյանի ռեժիմից, կամ վախեցած են, կամ բազում սոցիալական խնդիրների բեռի տակ են։

Հայաստանի իշխանությունները սոցիալական իրավունքների իրացման համար չնչին գումարներով կարթ են գցել կենցաղային բազում պրոբլեմների տակ ճկռած մարդկանց մեջ, մյուս կողմից՝ ռեպրեսիվ գործիքներ են կիրառում իրենց ձայնը բարձրացնող արցախցիների նկատմամբ, իսկ գլոբալ առումով շահագրգռված են արցախցիների տարրալուծման մեջ։ Չկա Արցախ, չպիտի լինի արցախահայություն` սա է Փաշինյանի մոտեցումը։ Հայաստանի ռեժիմը փաստացի խրախուսում է արցախցիների արտագաղթը Հայաստանից, որը խիստ անհանգստացնող ծավալների է հասնում»:

Արմեն Աշոտյանի գնահատմամբ՝ ապատիկ են տրամադրությունները նաև Սփյուռքում:

«Մեր հայրենակիցները դեռ գտնվում են խորը հիասթափության և ապատիայի մեջ, որը սկսվեց 2020-ի նոյեմբերի 9-ից և խորանում է առ այսօր։ Նման հոգեվիճակը ձեռնտու է Նիկոլին, ով միայն խորացնում է ճգնաժամը միտումնավոր կերպով։ Ի մի բերելով` պետք է փաստել, որ Արցախի Հանրապետության քաղաքացիների իրավունքների լիարժեք պաշտպանության համար առաջնահերթ է իշխանազրկել Փաշինյանին, և արցախահայերը չեն կարող անմասն մնալ այդ պայքարից»,- ընդգծել է նա:

Հիշեցնենք՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը 7 ամսից ավելի է՝ գտնվում է կալանավայրում: