Չեմ կարող պատկերացնել, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում․ Գարեգին Բ

Չեմ կարող պատկերացնել, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում․ Գարեգին Բ

Արցախի խնդիրը մեր ժողովրդին հուզող ամենակարևոր հարցն է։ Այդ մասին այսօր Մայր Աթոռում լրագրողների հետ զրույցում ասաց  Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն։

Նրա խոսքով՝ այս առումով, անշուշտ, հստակ է մեր ժողովրդի վերաբերմունքը, որ ամեն գնով պետք է պաշտպանել Արցախի ժողովրդի ազատ, անկախ ապրելու իրավունքը։

«Այդ իմաստով բավարար չափով աշխատանքներ իրականացվել են, և մենք լիահույս ենք, որ այդ ջանքերը պիտի շարունակվեն, և խնդիրը միջազգային հանրության, մեր ժողովրդի ջանքերի արդյունքում պիտի ունենա իր կարգավորումը։ Մենք չենք կարծում, որ հայտարարությունները, թե Արցախը նախկին իշխանությունները ճանաչել են Ադրբեջանի կազմում, տեղին են, և որևէ կերպ կարող են նպաստավոր լինել հարցի կարգավորման համար։ Պետք է չշտապել, հակառակը, ամեն կերպ պետք է պաշտպանել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,- ասաց նա։

Գարեգին Բ-ն շեշտեց՝ չի կարող պատկերացնել, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում։

«Դա կնշանակի հայ ժողովրդի նկատմամբ մի նոր ցեղասպանություն, դա կնշանակի Արցախի հայաթափում։ Մենք ամեն ջանք ու գործ պիտի ներդնենք, որ կարողանանք միջազգային նորմերով ապահովել Արցախի մեր ժողովրդի ազատ ապրելու իրավունքը»,- ասաց նա։

Նարե Գնունի