Ռոնալդուն մտրակի 99 հարվածի կդատապարտվի՞․ պաշտոնական Իրանն արձագանքել է այս տեղեկությանը

Իսպանիայում Իրանի դեսպանատունը հերքել է տեղեկությունը, թե Պորտուգալիայի հավաքականի և սաուդական «Ալ Նասրի» ավագ Կրիշտիանու Ռոնալդուն մտրակի 99 հարվածի կդատապարտվի իրանցի նկարչուհի Ֆաթիմա Համամիին գրկելու և համբուրելու համար։
«Մտահոգիչ է, որ նման անհիմն լուրերի հրապարակումը կարող է ստվերել մարդկության դեմ հանցագործությունները և ճնշված Պաղեստինի ժողովրդի դեմ պատերազմական հանցագործությունները»,- հայտնել է դիվանագիտական կառույցն X-ի իր միկրոբլոգում։
«Ռոնալդուն սեպտեմբերի 18-ին և 19-ին ժամանել էր Իրան՝ մասնակցելու պաշտոնական ֆուտբոլային հանդիպման և արժանացել է ժողովրդի և իշխանությունների կողմից մեծ ընդունելության։ Նրա անկեղծ և մարդկային հանդիպումը Ֆաթիմա Համամիի հետ նույնպես արժանացել է բարձր գնահատականի և հիացմունքի թե՛ ժողովրդի, թե՛ երկրի մարզական իշխանությունների կողմից»,- նշված է Իրանի դեսպանատան հաղորդագրության մեջ: