Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Բաքվի բանտում պահվող Վիգեն Էուլջեքչյանի կյանքին վտանգ է սպառնում

Blog Image

Բաքվի բանտում պահվող Վիգեն Էուլջեքչյանի վիճակը կտրուկ վատացել է։

Փաստաբան Լուսիանա Մինասյանը հայտնեց, որ 45-օրյա ընդմիջումից հետո Էուլջեքչյանը նոյեմբերի 16-ին զանգահարել է ընտանիքին և կարճ զրույց ունեցել՝ հայտնելով, որ իր ֆիզիկական վիճակը կտրուկ վատացել է․ նա չի կարողանում քայլել և անհրաժեշտություն ունի անվասայլակի, որը նրան չի տրամադրվել։ Վիգենին տարել են բժշկի մոտ, սակայն բանտի պահակները նրան դեղորայք չեն տալիս։ Նա չի ստանում նաև նորմալ սնունդ․ տրամադրվում է միայն հաց և թեյ։

Այս հարցի շուրջ խոսեցինք  ՄԻԵԴ-ում հայ  գերիների շահերի պաշտպան, փաստաբան Սիրանուշ Սահակյանի հետ, ով էլ հաստատեց, որ Վիգեն Էուլջեքչյանի վիճակը ծայրահեղ ծանր է։ Սահակյանին այդ մասին հայտնել են Վիգենի ընտանիքի անդամները։

«Նա զրկված է քայլելու հնարավորությունից․ տևական կտտանքները հանգեցրել են հաշմանդամության, և այս վիճակը համակցվում է նաև այլ դաժան վերաբերմունքի հետ։ Նրան անգամ բուժօգնություն չի ցուցաբերվում, դեղորայք չի տրամադրվում»,– նշեց Սահակյանը։

Նրա խոսքով՝ սովը որպես կտտանքի միջոց շարունակվում է կիրառվել․ Վիգեն Էուլջեքչյանին տրամադրվում է բացառապես հաց և թեյ։

«Այս հանգամանքների մասին բարձրաձայնել եմ, և մեր գնահատմամբ, եթե իրավիճակը պահպանվի, կարող ենք ականատես լինել անգամ կյանքին սպառնացող իրավիճակի»,– հավելեց Սահակյանը։

Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ այս պահին միջազգային կազմակերպություններից դեռևս արձագանք չկա, սակայն աշխատանքներն ընթանում են։

Էմմա Մարտիրոսյան

Send