Իշխանությունն ամեն օր աղ է լցնում մեր բաց վերքին, կասկածի տակ դնում մեր տղաների սխրագործությունը

«Թեկուզ հազար անգամ ներողություն խնդրեն, ես չեմ ներում Խաչատուր Սուքիասյանի պես տականքներին, որոնք կասկածի տակ են դնում ամուսնուս, եղբորս ու հերոսաբար կռված մեր տղերքի զոհվելու կամ անհետ կորելու փաստը։ Սուքիասյանի խոսքում ապրումակցման որևէ զգացում չկար, կար արհամարհանք, կար ատելություն՝ հանդեպ արցախցիների»,-MediaHub-ի հետ զրույցում ասում է Լուսինե Խաչատրյանը։
2023 թվականի սեպտեմբերյան պատերազմում նրա ամուսինը՝ Ալբերտ Ավետիսյանը և եղբայրը՝ Մարատ Խաչատրյանն առ այսօր անհետ կորած են համարվում։ Զոհվելու կամ գերեվարվելու մասին որևէ տեղեկություն Բաքուն չի տրամադրում։
«Շուտով կդառնա 1 տարի 7 ամիս, իմ հարազատների մասին լուր չունեմ։ Դժոխքից դուրս ենք եկել, մի կերպ հասել Հայաստան։ Բայց այստեղ իշխանությունն անում է նույնը, ինչ Ադրբեջանը։ Այնտեղ զենքի սպառնալիքի տակ էին ճնշում, այստեղ՝ հոգեբանական ճնշում է կիրառվում։ Անելանելի վիճակում ենք։ Ափսոս ամուսնուս, եղբորս, մեր լույս տղաների պայքարը, ափսոս նրանց կյանքը, որ անարժանները, ստորները պիտի այսօր հայտարարեն, թե՝ «արցախցին չի պայքարել»»,-վրդովվում է կինը։
Հիշեցնենք, որ երեկ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, խոսելով Արցախի հայաթափման, Արցախի կորստի մասին, մեջբերել է Ալեն Սիմոնյանի հայտնի խոսքը, թե իբր արցախցիները չեն կռվել, մեջբերենք. «Մի 10 հոգի ղարաբաղցի ա զոհվել 2023 թվականին, Ալեն Սիմոնյանը ճիշտ էր ասում՝ թող մնային ու կռվեին»։ Մինչդեռ, վերջին մարտն Արցախի բանակն ընդունել է 9-ամսյա լիակատար շրջափակման մեջ, հյուծված ու կիսասոված վիճակում։ Ընդունել ու կռվել է մինչև վերջին շունչը։ 2023-ին Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացված ռազմական ագրեսիայի և էթնիկ զտման հետևանքով զոհվել է 265 զինծառայող, 21 խաղաղ բնակիչ, 14 քաղաքացի անհետ կորած է համարվում:
«Այս իշխանությունն ամեն օր աղ է լցնում մեր բաց վերքին։ Չգիտեմ՝ ինչո՞ւ է այս իշխանությունը գեներացնում մեր տղաների «չկռվելու» մասին ստերը, արցախցիների հանդեպ խորացնում ատելությունը, բայց ես հավատում եմ Աստծո դատաստանին և ապավինում եմ նրան»,-հավելեց Լուսինեն։
Հունան Թադևոսյան