Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Աղազարյան ծնածներն այսօր uպանում են նույն Աղազարյանին

Blog Image

«Ես, անկեղծ ասած պարոն Աղազարյանի հայտարարությունը չէի լսել, հետագայում տեսանյութը դիտեցի․․․, ես ուզում եմ արձանագրել, որ պարոն Աղազարյանը քաղաքական գործչի ստորին շեմ է սահմանել այսօր, և ես ուզում եմ ասել, որ իսկապես ամաչում եմ, որ քաղաքական անցյալ ունեմ պարոն Աղազարյանի հետ»,- այսօր ԱԺ ամբիոնից այսպիսի հայտարարություն է արել ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը, որը հանրությանն ավելի հայտնի է որպես DJ Էդո։

Պատգամավորն ամաչում է մեկ այլ պատգամավորի հետ նույն թիմից լինելու համար, ինչ է թե նա ՌԴ-ին կոչ է արել չտրվել Հայաստանի իշխանության հրահրած սադրանքներին։

Հետաքրքիր է՝ այդ նույն Աղաջանյանն արդյո՞ք չէր ամաչում, երբ իր թիմակիցը Հիսուսին ճանաչել էր միայն Փաշինյանին ճանաչելուց հետո, կամ այն ժամանակ, երբ շրջափակված արցախցուն իր կուսակիցը թալիշների հետ էր համեմատում, կամ որ շուկայում կարտոֆիլի պարկեր էր տշում։ Այդ ժամանակ որևէ ամաչելու բան չունե՞ր սույն պատգամավորը․ հարցի պատասխանը դժվար գտնենք, քանի որ հիմա Հովիկ Աղազարյանն իր ու իր թիմակիցների աչքի փուշն է։ Չէ՞ որ նա համարձակվել է անել այն, ինչ իրենցից շատերն ուղղակի, իրենց հարազատ լեքսիկոկով ասաց՝ «դուխ չունեն» անելու․ դե կոմպրոմատները շատ են, հնարավոր է՝ դեմ դուրս գալու դեպքում իրենց սիրային նամակագրություններն ու ոչ միայն, դառնան հանրային։ Քանի՜ ընտանիք կքանդվի այդ դեպքում... 

Ինչևէ, վերադառնանք Աղազարյան-ՔՊ այսօրվա շշանետումներով ուղեկցվող լեզվակռվին։ Պարզվեց, որ շատ իշխանականների համար Հովիկ Աղազարյանը վատ մարդ է. յոթ տարի իրենց թիմում եղած, Փաշինյանի բոլոր, բառացիորեն բոլոր թեզերն առաջինը սեփականը դարձրած ու հանրությանը որպես բացարձակ ճշմարտություն ներկայացրած Հովիկ Աղազարյանը վատ մարդ է։ 

«Դուք հիմա լո՞ւրջ եք ասում»,- կարձագանքեր Վահագն Ալեքսանյանը, եթե ամիսներ առաջ Աղազարյանն իրենց թիմից հեռացած ու Փաշինյանին մերժած չլիներ։ Բայց հիմա ո՛չ Ալեքսանյանն է նման բան ասում, ո՛չ Ռուբինյանը, և ո՛չ ԱԺ ամբիոնից իրենց թուրք ասողների «լավը» հիշած Արսեն Թորոսյանը, կամ Արման Եղոյանը:

Հանուն արդարության նշենք, ոչ վերոնշյալ պատգամավորների խոսքում ճշմարտության հատիկ կա․ եթե ուսումնասիրենք Աղազարյանի պատգամավորության յոթ տարիներն, ապա այսօր ՔՊ-ականների հնչեցրած բոլոր մտքերն էլ կհիմնավորվեն, բայց․․․, ինչպես Աղազարյանը չէր պատկերացնում, որ գալու է այսպիսի ժամանակ, երբ ինքը լինելու է իր հետ քայլելով իշխանության եկածների թիրախում, այդպես էլ այս պատգամավորները չեն պատկերացնում, որ մի օր իրենք էլ են հայտնվելու նույն դերում, Փաշինյանն իրենց էլ չի խնայելու․ ինքը ծնել է, ինքն էլ սպանելու է։ Ուղղակի դեռ պարզ չէ, թե ով է հաջորդ զոհը։

Նարե Գնունի

Send