«Չեմ կարողանում երեխայիս դեղերը գնել». արցախցուն 100 000-ը չեն տալիս, ասում են՝ Բելգիայում է

Կոտայքի մարզում Արցախից տեղահանված Հայկուհի Մկրտչյանի երեխան հաշմանդամություն ունի, սակայն մինչ օրս ընտանիքը հասանելիք 100 հազար դրամը չի ստացել անճշտության պատճառով։
MediaHub-ին Հայկուհին պատմեց, որ դիմել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ու ստացել պատասխան, թե ինքը Բելգիայում է ապրում։
«Երբեք չեմ եղել Բելգիայում, բայց հիմա ինձ ասում են, որ իմ անուն ազգանունով մեկը ապրում է Բելգիայում, ու իմ տվյալներն այստեղ չեն գտնում։ Ես հիմա այստեղ եմ, բայց ինձ մերժում են, միգրացիոնով ցույց է տալիս ինչ-որ Հայկուհի Մկրտչյանի, նույնիսկ հայրանունը չկա, ինչպե՞ս է ստացվում, որ դա ես եմ։ Ասացին, որ խնդիրը կշտեն, սակայն 3-4 շաբաթ է՝ ես չեմ կարողանում երեխայիս դեղերը գնել, դե բնականաբար երեխայի 100 հազար դրամն էլ չենք ստացել, քանի որ իմ տվյալներով պետք է լրացվի։ Երեխայիս առողջական խնդիրների պատճառով շատ վարկեր էինք վերցրել, 2020-2021 թվականին վիրահատել ենք Ռուսաստանում»,- պատմեց նա։
Հայկուհին վստահ է, որ իր՝ Բելգիայում չապրելը հեշտ ապացուցելի է, քանի որ անձնագրում առկա են նրա բոլոր մուտք ու ելքերը։
«Իմ երեխան այնպիսի խնդիր ունի, որ ես չեմ կարող քաղաքից քաղաք շրջեմ, 5-6 ամիս է, երեխաս խողովակներով է սնվում, ես ո՞նց կարող եմ Բելգիայում ապրել։ Ամեն տեղ զանգել եմ, բայց սայլը տեղից չի շարժվում։ Ասում են՝ սա պարզապես համընկնում է, որն ինձ հետ կապ չունի, բայց այս շաբաթների ընթացքում հարցը չեն կարգավորել։ Այսօր էլ ասացին՝ 10 օրից կլուծվի, պիտի սպասեմ»։
MediaHub-ը խնդիրը ներկայացրել է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, պատասխանը ստանալուն պես այն կհրապարակենք։
Լիաննա Թորոսյան