Մտքովս նույնիսկ չի անցել, որ վերջին անգամ եմ տեսնում Գագիկին․ երջանիկ տարիներից մնացին միայն քաղցր հուշեր 

Մտքովս նույնիսկ չի անցել, որ վերջին անգամ եմ տեսնում Գագիկին․ երջանիկ տարիներից մնացին միայն քաղցր հուշեր 

«Ամենադժվարը երեխաներիս համար է։ Մեծ տղաս, որ 11 տարեկան է, լուռ է տանում իր ցավը, 8-ամյա տղաս փարատվում է հոր մասին տեսանյութեր ու նկարներ թերթելով, իսկ փոքրը ամեն օր հարցնում է՝ «պապան Արցախի մեր տնից ե՞րբ է գալու»»…

Վիլենա Հակոբյանի ամուսինը՝ Գագիկը, ծնունդով Արցախի Սոս գյուղից է։ Ամուսնացել են 2011 թվականին, բնակարան ձեռք բերել Շուշիում, երջանիկ ընտանիք կառուցել։ Գագիկ Հակոբյանը ծառայում էր Շուշիի ՀՕՊ զորամասում։ Ամուսինների երջանիկ կյանքը խաթարվեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ սկսվեց պատերազմն ու տևեց 44 օր։ Հակոբյանները կորցրեցին Շուշիի իրենց բնակարանն ու պատերազմից հետո նոր կյանք սկսեցին Ստեփանակերտում՝ վարձակալական հիմունքներով։

«Շուշիի կորուստն ամենածանր բանն էր, որ տեղի ունեցավ ամբողջ Արցախի համար։ Չնայած այն բանին, որ Շուշիի գրավումով Ստեփանակերտում դժվար էր ապրելը, բայց մենք նախընտրեցինք մնալ։ Գագիկը գրեթե միշտ ծառայության էր, ես՝ տանը, երեխաների հետ։ Երբ հայտնվեցինք շրջափակման մեջ, ամեն օր հրաշքի էինք սպասում, որ շուտով ամեն ինչ իր տեղը կընկնի, բայց «ճանապարհը բացվի դուրս գանք» դասական արտահայտությունը մեր տանը միշտ բացառվել է, դա ավելի շատ Գագիկի ցանկությունն էր»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է Վիլենան։ 

Գագիկ Հակոբյանը վերջին տարիներին ծառայում էր Հարավի դիրքերում։ Սեպտեմբերի 19-ին տանն էր, երբ ադրբեջանական զինուժը կրակի տակ վերցրեց ամբողջ Արցախը։ 

«Մեզ արագ իջեցրեց շենքի նկուղ, անհրաժեշտ իրեր բերեց ու դուրս եկավ։ Մի քանի րոպե անց եկավ, ինձանից ուզեց բանալին, գնաց տուն, հագավ զինվորական համազգեստը, եկավ ասաց՝ «բարձրանում եմ դիրքեր», հրաժեշտ տվեց ու գնաց։ Իմ մտքով նույնիսկ չի անցել, որ ես վերջին անգամ եմ տեսնում Գագիկին»,- ասում է կինը։ 

Սեպտեմբերի 19-ից 20-ն Արցախի բնագծի ողջ երկայնքով կյանքի ու մահվան մարտեր են ընթացել։ Վիլենան, որ անչափահաս երեխաների հետ եղել է ապաստարանում, անընդհատ փորձել է կապ հաստատել զինվորական ամուսնու հետ, բայց չի ստացվել։

«Ծանր ապրումներ ենք ունեցել ամբողջ գիշեր։ Մտածում էի լույսը կբացվի, բարին հետը կգա, բայց ո՛չ հաջորդ, ո՛չ մյուս օրերին Գագիկից լուր ստանալ չէր հաջողվում, ոչ ոք չէր ասում։ Տարբեր տեղերից լսում էի, որ շրջափակման մեջ հայտված զինվորականներ կան, նրանց հերթով իջեցնում են։ Բայց սեպտեմբերի 24-ին ինձ հայտնեցին, որ Գագիկը զոհվել է»։

Դիրքում, որտեղ Գագիկն էր, 4 հոգով մարտ են վարել, կռվել մինչև վերջին փամփուշտը։ Սեպտեմբերի 20-ին թշնամու հեռահար կրակից գլխի և պարանոցի շրջանում բեկորային մահացու վիրավորում է ստացել նաև ավագ ենթասպա Գագիկ Հակոբյանը։ 

«Նրա հայրը՝ Արսեն Հակոբյանը, առաջին պատերազմում է զոհվել։ Սկեսուրս էլ է երիտասարդ տարիքում այրիացել։ Հիմա մենք միասին ենք ապրում, և ինքն է ինձ ուժ տալիս, որ առաջ նայեմ, որ երեխաներիս համար ապրեմ, երբեք չչարանամ»,- ասում է մեր զրուցակիցը։ 

Սեպտեմբերի 25-ին Վիլենայի ընտանիքը ևս միացավ հազարավոր իր հայրենակիցներին ու հարկադրված լքեց Արցախը։ 

«Ամենաթանկն արդեն կորցրել էի, ուստի միայն երեխաներիս անվտանգության մասին մտածելով` հասել ենք Հայաստան։ Գագիկի մարմինը հուղարկավորել ենք «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։ Առ այսօր դեռ որևէ կարգավիճակ չեն տվել»։ 

Վիլենան 3 տղաների ու սկեսրոջ հետ ապաստանել են Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում։ Երիտասարդ կինը մեկ-մեկ հետ է նայում, վերհիշում Արցախում ապրած երջանիկ տարիները, որից այսօր մնացել է ընդամենը քաղցր հիշողություն։

Հունան Թադևոսյան