Ինչպե՞ս գործի դնել վարչախմբի տոտալ մերժման ալիքը

Ինչպե՞ս գործի դնել վարչախմբի տոտալ մերժման ալիքը

Արցախը համայն հայության, վարչախմբի, ընդդիմության ու «քաղաքակիրթ» մարդկության աչքի առջև լռելյայն դատապարտված է մարդասիրական աղետի և ցեղասպանության։ Ազգային ուժերն այդպես էլ չեն լցնում պետաիշխանության բացը։

Դավադիր իշխանության ձեռամբ՝ երբեմնի հաղթանակած բանակից միայն հուշ է մնացել, այլևս չկան անառարկելի հեղինակություն ունեցող ռազմական գործիչներն ու հրամանատարները։ Զինված ուժերը, ազգային եկեղեցին, կրթության ոլորտը ծանրագույն հարվածների հետևանքով շփոթահար, անկազմակերպ ու պատրանքային վիճակում են։ Չկա հայությանը կոնսոլիդացնող գեթ մեկ ինստիտուտ։

Բանակի բարոյահոգեբանական մթնոլորտը, օդից կախված վիճակը, կարգապահությունը խիստ մտահոգիչ են, անձնակազմն ինքնահոսի է մատնված, և սպան ու զինվորն ստիպված առաջնորդվում են ոչ թե զինվորական երդմամբ, այլ բացառապես ինքնապահպանման բնազդով։ Չկա ո՛չ պետական մտածելակերպ, ո՛չ ազգային ոգի, ո՛չ ինքնազոհաբերման պատրաստակամություն։

Խորենացու «Ողբի» հանգույն՝ մեր ազգային էլիտաները, այդ թվում ռազմականը, կործանված են։ Գեներալներն ու սպաները, մոռացած ուսադիրի պատվի կարևորության մասին, ոտքի են կանգնում ամեն պետական հանցագործի առաջ, նրանց պատվի առնում ու զեկուցում։

Արդեն հինգերորդ տարին է՝ գործի է դրված պետությունը ներսից լուծարելու, դրա հիմքերը ոչնչացնելու հրեշավոր մեխանիզմ, ընդ որում՝ հետևողականորեն և համակարգված։

Կրկնակի իշխանազավթման արդյունքում Փաշինյանը, բազմիցս տապալելով սահմանադրական կարգը, լռեցրել է հիմնական քաղաքական ընդդիմախոսներին և զազրելի ռեպրեսիվ մեքենայի գործադրմամբ անցել իրեն անցանկալի գործիչների վարկաբեկմանը։ Այս ամենը շատերն են տեսնում ու գիտակցում, սակայն նույնիսկ հենց այս վարչախմբի զոհերից ոմանք բավականաչափ համարձակություն չունեն՝ ձեռքը սեղանին խփելու, ի լուր ներքին և արտաքին թշնամու՝ հայտարարելու, որ հայրենիքը վաճառքի ենթակա չէ, և անզիջում ու անսակարկ պայքար սկսելու։

Միայն լայնածավալ և շարունակական հանրային ճնշումը կարող է այս խունտային կարգի հրավիրել, հրաժարական պարտադրել և պատասխանատվության ենթարկել։ Հակառակ պարագայում օրեցօր և քայլ առ քայլ առաջ եկող թշնամին մի օր հենց այդ անտարբեր, «քաղաքականությամբ չզբաղվող» հայի դռան շեմին է հայտնվելու, ընդհուպ՝ Երևանի կենտրոնում։ Նույնիսկ ամիսներ առաջ թմբիրի մեջ գտնվող մեր շատ հայրենակիցներ հիմա արդեն հրաշալի տեսնում ու զգում են վտանգի անխուսափելիությունը, բայց և չգիտեն՝ ո՞ւմ հառել հայացքը, ո՞ւմ հետևից գնալ, ի՞նչ և ինչպե՞ս անել։

Նրանք անգամ անհատական, էլ չասած հավաքական մակարդակում պայքարի օրինակներ չեն տեսնում։ Հասկանում են, որ թշնամուն սկուտեղի վրա և դավադիր կերպով զիջվել ու զիջվում է իրենց սերնդակիցների ազատագրած հայրենիքը, բայց չգիտեն՝ ինչպե՞ս կանխել դա։

Մինչդեռ դեռևս գտնվում են գործիչներ, երբեմն՝ հանրային հեղինակություն ունեցող, որոնք դավադիր իշխանազավթից կոչումներ ու պաշտոններ են ստանում՝ փոխանակ դրանք նրա դեմքին շպրտելու։

Թշնամուց խաղաղություն մուրացող, Արցախից ձեռքերը վերջնականապես լվացած իշխանախմբի կողմից սպաները, զինվորներն ու կամավորները դեռևս պարգևներ ու կոչումներ են ընդունում, իսկ որդեկորույս ընտանիքները՝ հյուրընկալում նրանց։ Սա այն դեպքում, երբ բոլոր մակարդակներում հանրային դիմադրության, այս վարչախմբի տոտալ մերժման ալիք պիտի լիներ՝ երբեմն անգամ պայքարի արմատական միջոցներով։

Իրավիճակը պիտի հար և նման լինի պարտիզանական մարտերի, երբ փոքր խմբերով պայքարում հաջողելով՝ ի վերջո «դարձի ես բերում» նաև մոլորյալ քաղաքական ուժերին և ստիպում կապիտալիզացնել խուլ դժգոհությունն այս վարչախմբից։

Դավիթ Սարգսյան