Փաշինյանը մատի վրա պտտացնում է ամբողջ ընդդիմությանը․ ո՞րն է նրա հաջորդ քայլը
Կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանի պահվածքը, նաև ուղիղ հայտարարությունն այն մասին էր, որ նրա համբերության բաժակը լցվել է, նա նյարդային թվարկում էր, թե որտեղ են սխալվել և թերացել նախարարները, Կառավարության անդամները:
«Լավ, ես կարող եմ համբերել, մի տարի համբերեմ, երկու տարի համբերեմ, երեք տարի համբերեմ, չորս տարի համբերեմ, հարգելի գործընկերներ, դատական, իրավական, ուժային համակարգի հարգելի ներկայացուցիչներ, իմ համբերության բաժակը լցվել է։ Ես ձեզ ուղիղ բոլորիդ ասում եմ՝ ես ոնց որ քյասիբի ռադիո լինեմ, գալիս եմ ձեր միջոցառում ելույթ ունենում խոսում, դուք էլ ծափ եք տալիս, ես թողնում գնում եմ: Հետո հաջորդ տարի գալիս եմ, նույն ելույթն եմ ունենում, էլ ավելի ուժեղ եք ծափ տալիս, ես թողնում գնում եմ, ո՞վ է ում ձեռ առնում»,- հայտարարել էր նա։
Նիկոլ Փաշինյանի ջղագրգիռ ելույթից հետո կարելի էր ակնկալել փոփոխություններ Կառավարությունում, ինչն էլ տեղի ունեցավ՝ երեկ ուշ երեկոյան մամուլը գրեց մի շարք պաշտոնանկությունների մասին, և այսօր օրվա առաջին կեսին 6 պաշտոնյա ազատվեցին պաշտոններից: Իրական պատճառները հայտնի չեն, բայց գրեթե բոլորը միաբերան համաձայն են՝ Փաշինյանը պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին: Եվ այդ նույն տրամաբանության մեջ գուցե Փաշինյանը փորձում է իր մեղքի բաժինը բարդել ոչ միայն «նախկինների», այլ նաև իր թիմակիցների վրա:
Ի՞նչ է նշանակում այս պաշտոնանկությունների շքերթը և ի՞նչ հետևանքներ կունենա․ այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ։
«Փաշինյանը շատ պարզ խնդիր է լուծում՝ գնում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների, որը տեղի է ունենալու գարնանը։ Ինչո՞ւ է գնում Փաշինյանն արտահերթ խորհրդարանական ընտրության, որովհետև ոչ թե ինքն է ուզում, այլ Ալիևն է իրեն պարտադրում հանրաքվե, որ Սահմանադրությունից հանվի Անկախության հռչակագիրը»,– ասաց Զոհրաբյանը։
Փաշինյանը շատ լավ հասկանում է, ըստ Զոհրաբյանի, որ ինքը չի կարող հիմա որևէ հարց դնել հանրաքվեի, դա չի անցնելու, և նրան մեկ տարբերակ է մնում: Ըստ մեր զրուցակցի, ՀՀ Սահմանադրությունն արգելում է խորհրդարանական ընտրությանն անկացնել հանրաքվե, հետևապես Փաշինյանն ընտրել է հեշտ տարբերակը՝ գարնանը գնալ արտահերթ խորհրդարանական ընտրության, հերթական անգամ ստանալ վստահության քվե, որից մեկ կամ երկու շաբաթ հետո հարցը դնել հանրաքվեի, հանել Անկախության հռչակագիրը, որն ինքը օրերս ԱԺ–ում հռչակեց որպես Հայաստանի չգոյության փաստաթուղթ և այդպիսով կատարել Ալիևի պահանջը։
«Ընտրություններին գնալու, քվե ստանալու համար իրեն պետք են նախընտրական շոուներ, դրանցից առաջինը՝ արդար ղեկավարի իմիջ կերտելու նպատակով սեփական թիմակիցներին պատժելն է, ինչն ինքն արեց երեկ SMS-ներով։ Ես չգիտեմ մեր ֆեյսբուքահայությունը ինչո՞ւ է ուրախացել, ինչո՞ւ են հրճվում, անհամ և անալի «իդիոտ պրիկոլներ» անում, չհասկանալով, որ սա ողբերգություն է»,– ասաց ԱԺ նախկին պատգամավորը։
Զոհրաբյանը ավելացրեց․ «Պետական ինստիտուտներում պաշտոնյաները նշանակվում և հեռացվում են WhatsApp խմբում SMS-ներով, և սա ոչ թե հրճվելու թեմա է, այլ ողբերգություն: Եվ սա հերթական անգամ խոսում է այս ընդդիմության չգոյության մասին, որովհետև եթե լիներ ուժեղ ընդդիմություն, ինքը չէր կարողանա SMS-ներով պաշտոնյա ազատել կամ պաշտոնյա նշանակել, սա է խնդիրը»։
Ընտրություններից առաջ, ըստ Զոհրաբյանի, լինելու է, պայմանական ասած, «Մանվել Գրիգորյան-2 օպերացիա»՝ ուղիղ եթերներում տեսնելու ենք տարբեր պաշտոնյաների, և ոչ միայն նախկին, այլ նաև իր թիմակիցների ապօրինի գույքերի բռնագանձման շոուները, քանի որ Փաշինյանը հասկանում է, որ իր վարկանիշը փլուզվում է և մի տարբերակ կա իր ընտրազանգվածին պահելու՝ շոուները: Եվ այդ ամենին, կանխատեսեց մեր զրուցակիցը, ականատես կլինենք փետրվար–մարտ ամիսներին՝ ընտրություններից մեկ ամիս առաջ։
«Իրենց լրջագույն վերլուծաբանի տեղ դրած, լրջագույն վերլուծություններ են անում, որ Փաշինյանը թրաշվեց իր պաշտոնավարման 6–րդ տարուն, 6–րդ ամսին, 6–րդ օրը... սա ծիծաղելի է, սա լուրջ չի, մի մարդ մատի վրա պտտացնում է ամբողջ ընդդիմությանը՝ հասարակության հետ միասին, ու ցավոք, շարունակում ենք ընդամենը սուր ճոճել միայն ֆեյսբուքներում և սոցիալական մյուս հարթակներում»,– նշեց նա։
Հիշեցնենք, այսօր իրենց պաշտոններին հրաժեշտ տվեցին Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը:
Մարիաննա Արամյան