Օրվա մեջ միայն 45 րոպե նստում էինք, քնում գետնին, ով գնում-գալիս էր, ծեծում էր. Լևոնը գերությունից խոսել չի ուզում

Օրվա մեջ միայն 45 րոպե նստում էինք, քնում գետնին, ով գնում-գալիս էր, ծեծում էր. Լևոնը գերությունից խոսել չի ուզում

Նախորդ տարվա սեպտեմբերին Արցախի դեմ իրականացված Ադրբեջանի ռազմական օպերացիան ուղեկցվել է ռազմական բազմաթիվ հանցագործություններով, որից տուժել են նաև խաղաղ բնակիչները։ 

MediaHub-ը պարբերաբար անդրադառնում է այդօրինակ դեպքերին, ներկայացնում կատարվածը՝ առաջին դեմքով։ Դաշուշենից գերեվարված շոշեցի Լևոն Թարխանյանը մեզ հետ զրույցում պատմեց իր գերեվարվելու մանրամասները և այն տանջանքների մասին, որ նա կրել է Բաքվի բանտում։

Հասկանալով, որ թշնամին մոտենում է գյուղին, իսկ հրետակոծությունը չի դադարում, 60-ամյա տղամարդը եկել է տուն, որ տարհանի տարեց մորը։ Սակայն, երբ վերադարձել է տուն, ոչ միայն տանը, այլև գյուղում մարդ չի եղել։ Գյուղն արդեն տարհանվել էր։

«Սկզբից հանկարծակիի եկա, որ գյուղում ոչ ոք չկա, հետո հասկացա, որ տարհանվել են։ Բայց քանի որ չգիտեի՝ դեպի Ստեփանակերտ տանող ճանապարհը մեր ձեռքի՞ն է, և կամ ռուս ծաղաղապահների հենակետը մեր ձեռքի՞ն են, թե՞ ոչ, տարակուսեցի։ Մտա մեր տուն, վերցրեցի հեռախոսն ու փաստաթղթերը, դուրս եկա։ Ֆանարիկով ճամփա ընկա։ Որոշեցի գնալ Դաշուշեն, այնտեղից անտառներով հասնել Ստեփանակերտ։ Աչքիս մեկը չի տեսնում, մյուսն էլ մի քանի տոկոս է տեսնում։ Հիմնականում գնում էի բոստաններով։ Մեր գյուղի դպրոցի կողմում նկատեցի 2 ԲՏՌ ու «սկորի» մեքենա, որոնց մեջ ադրբեջանցիներ էին։ Ես թաքնվեցի, իրենք անցան, և ես արագ դուրս եկա կարճ ճանապարհով, հասա Դաշուշեն գյուղի տարածք։ Այնտեղ էլ նկատեցի ադրբեջանցիների շարժը։ Ես մտել եմ ծմակի մեջ ու առաջ շարժվել, ու քանի որ ամեն տեղ իրենք էին, պարզվում է, ինձ շուտ են նկատել։ Եկան ինձ «ակրուժիտ» արեցին, կապեցին ձեռքերս, մի «մեշոկ» քաշեցին գլխիս ու տարան Բովուրխանի բարձունք»։ 

Թե ինչ տանջանքների է այնտեղ ենթարկվել Լևոնը, հիմա նույնիսկ դժվարանում է պատմել. «Ով գնում-գալիս էր, իրենց պարտքն էին համարում ծեծել ինձ»։ 

7 օր նա քնել է գետնին, հողի վրա։ Դրանից էլ ձեռք է բերել նոր հիվանդություններ, ավելի ուշ նաև ինսուլտ: Ադրբեջանցիները որևէ կերպ արցախցի տղամարդու հարցերին չեն պատասխանել, միայն ասել են՝ «ռազմական ոստիկանությունը կգա ձեր հետևից»։

«Ստուգել են փաստաթղթերս, ես ՌԴ քաղաքացիություն ունեմ։ Վերցրել են այդ կարմիր անձնագիրս, թե՝ «դու նայոմնիկ ես, եկել ես այստեղ, մեր դեմ կռվես», ես նրանց բացատրում էի, որ տեսողության խնդիր ունեմ, «ինչպե՞ս է հնարավոր դա»։ Ասացի, որ մայրս ծեր կին է, ես ՌԴ-ից եկել եմ, որ նա միայնակ չլինի, իսկ իրենք ինձ ոչ միայն չէին հավատում, այլ շարունակ ծեծում էին»,- պատմում է Լևոն Թարխանյանը։ 

Ադրբեջանցիների մեկշաբաթյա կտտանքներից հետո Թարխանյանին նորից փակ աչքերով նստեցրել են մութ ավտոմեքենա ու տարել անհայտ ուղղությամբ։ Այս անգամ, ըստ մեր զրուցակցի, ճանապարհն ավելի երկար է եղել։ Այստեղ էլ են ծեծել նրան այնքան, մինչև վերջինս ուշաթափվել է։

«Երբ արդեն տեղ ենք հասել, բացել են աչքերս, ու տեսել եմ դիպուկահարի հրացան կա իմ կողքին դրված։ Ուզում էին գլխիս սարքել, թե իբր ես դիպուկահար եմ։ Ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաները համոզում էին, որ ես պետք է ստորագրեմ ինչ-որ անհայտ թղթերի տակ։ Պարզ էր, որ գործ են ուզում հարուցեն մի քանի հոդվածով՝ «ՌԴ-ից եկած վարձու զինյալ, դիպուկահար, իսկ հետո, թե՝ 1992-ին դու Խոջալուի ջարդերի կազմակերպիչն ես», ու այդպես շարունակ մի քանի կարևոր դեպքեր ուզում էին փաթաթեն վզիս»,- հիշում է մեր զրուցակիցը, ավելացնում, որ ծեծ ու ջարդին դիմանում էր հազիվ, իմունիտետ արդեն ուներ, բայց ոչ մի թղթի տակ չի ստորագրել։ 

«Ամեն «դապրոսի» ժամանակ նույն հարցը տալիս էին մի քանի անգամ տարբեր ձևով, ու ամեն անգամ, երբ ասում էի «Ստեփանակերտ», խփում էին ինձ, թե՝ «Խանքենդի է, Ստեփանակերտ չէ»: Ի՞նչ պատմեմ, ես չէի մտածում, որ այնտեղից ողջ եմ դուրս գալու։ Հետո ձերբակալվածների պահման վայրից ինձ տարել են բանտախուց։ Այնտեղ չեն ծեծել, ու համեմատաբար պայմանները լավ էին։ Այդ բանտում շատ հայեր կային, բայց ոչ մեկի հետ չեմ շփվել, հնարավորություն չի եղել»,- ասաց նա։ 

Լևոնը Բաքվում անցկացրած օրերի ընթացքում անընդհատ մտածել է մոր մասին, որից տեղեկություն չի ունեցել սեպտեմբերի 19-ից։

«Ես չգիտեի, որ Արցախը հայաթափվել է։ Մտածում էի՝ «մայրս երևի Ստեփանակերտում է, կամ գուցե հետ են վերադարձել գյուղ»»։

Լևոնի բարեկամներից մեկը որպես իրավաբան աշխատում է Մոսկվայի քաղաքապետարանում։ Նա այնտեղից Լևոնի տվյալներն ուղարկել է Բաքու, որ եթե պատանդառված է, ապա պետք է բաց թողնեն անհապաղ։ Այդ միջամտությունից հետո միայն, Բաքուն «մեծահոգություն» է ցուցաբերել՝ շոշեցի տղամարդուն հայկական կողմին փոխանցելու համար։ 

«Գնալով առողջական վիճակս ավելի էր լրջանում։ Նրանք չէին թողնում, որ նստեինք, օրվա մեջ նստում էինք միայն 45 րոպե, այն էլ հաց ուտելու ժամին։ Տեղս այնպես նեղ էր, ուզում էի նույնիսկ ինքնասպան լինել։ Բայց հաջորդ օրն ինձ նորից կանչում են քննիչների սենյակ։ Երբ ներս մտա, պաշտոնյան հարցնում է քննիչներին՝ «սա ո՞վ է», նրանք ասացին՝ «Լևոն Թարխանյանը», ինքն էլ ասաց՝ «նա մեզ պետք չէ, մեզ Լևոն Մնացականյանն է պետք»։ Եվ երբ հետ բերեցին ու երեկոյան տվեցին սափրվելու հարմարանքներ, իսկ հաջորդ օրն ինձնից վերցրած փաստաթղթերը տվեցին, հասկացա, որ ինչ-որ մեկը խառնվել է ինձ համար։ Ես ստորագրեցի միայն Բաքվի բանտից դուրս գալու փաստաթուղթը։ Իսկ հաջորդ օրն արդեն բաց աչքերով, առանց ձեռնաշղթաների ինձ բերեցին Ստեփանակերտ։ Ճանապարհին համոզում էին, որ կարող եք մնալ ու ապրել մեզ հետ, հետո բարձր վարձատրություն ու համերաշխություն էին խոսք տալիս»։ 

Կարմիր խաչի ուղեկցությամբ Լևոնը գնացել է Շոշ, տնից անհրաժեշտ մի քանի իր է վերցրել, պայուսակի մեջ տեղավորել տան պատից կախված խաչերն ու գնացել գերեզմաններ՝ հրաժեշտ տալու հարազատների շիրիմներին։ Նոյեմբերին նա եկել է Հայաստան։ Հակարի կամրջին ստուգել են իրերն ու վերցրել այն պայուսակը, որի մեջ տեղադրված են եղել տնից բերված խաչերը։

Հունան Թադևոսյան