Էլմիրան շրջափակման մեջ մնացել է 3 օր, նրա 91-ամյա սկեսուրը գերեվարվել է Կարմիր գյուղից 

Էլմիրան շրջափակման մեջ մնացել է 3 օր, նրա 91-ամյա սկեսուրը գերեվարվել է Կարմիր գյուղից 

«Ես չգիտեմ ինչից սկսեմ ու որ մասը պատմեմ։ Այն ժամանակ այդքան չէի վախենում, հիմա, երբ վերհիշում եմ սեպտեմբերյան դեպքերն ու իմ գլխով անցածը, վախենում եմ։ Դժոխք էր, աննկարագրելի դժոխք»,- MediaHub-ի հետ զրույցում պատմում է Կարմիր գյուղի բնակչուհի Էլմիրա Արզումանյանը։ 

Նա գյուղի ակումբավարն էր։ Կեսօրին տանն էր, պատրաստվում էր սեղան գցել ամուսնու և 91-ամյա սկեսուրի համար, երբ լսվեցին հրթիռակոծության առաջին ձայները՝ ուղիղ Կարմիր գյուղի ուղղությամբ։ Նրա ամուսինը չնայած 62 տարեկան է, գյուղի տղամարդկանց հետ զինվորագրվել էր աշխարազոր ուժերում։ 

«Մի ահավոր վիճակ էր ստեղծվել։ Սկեսուրիս իջեցրել ենք տան առաջին հարկ, որը ծառայում էր իբրև ապաստարան։ Զանգում էի աղջիկներիս, մեկը մեր գյուղում էր ամուսնացած, մյուս 2-ը՝ Մարտակերտի շրջանում։ Մեր գյուղում ամուսնացած աղջկաս հետ խոսեցի, ասաց, որ ողջ են, երեխաների լացի ձայնն էի լսում, բայց չէի կարող գլուխս հանել «պադվալից»։ Մյուսների հետ օրեր շարունակ չկարողացա կապ հաստատել»,- նշում է մեր զրուցակիցը։ 

Ասկերանի վերին ենթաշրջանի ուղղությամբ մարտերն անդադար շարունակվում էին, կրակում էին տների ուղղությամբ, ընթացող մեքենաների վրա։ Ըստ տիկին Էլմիրայի՝ շատերը սկսեցին դուրս գալ Կարմիր գյուղից։

«Աղջիկս վերջապես կապի դուրս եկավ, ասաց՝ «մամ, ո՞ւմ եք սպասում, գյուղացիները դուրս են գալիս, էսա թուրքերը կմտնեն գյուղ, դուրս եկեք, մի բան արեք, փրկվե՛ք։ Ի՞նչ կարող էի անել։ Սկեսուրս տարեց կին, դժվար կկարողանար քայլել։ Գյուղում համարյա մարդ չէր մնացել, մեր ու հարևան գյուղի տղամարդիկ էին, աշխարազոր ուժերը։ Մեր բակում 2 մեքենա կար կայանված, ոչ մեկի մեջ վառելիք չկար, որ ամուսինս մեզ տարհաներ, չնայած, որ ճանապարհներն արդեն վերահսկվում էին ադրբեջանցիների կողմից»,- պատմում է 59-ամյա կինը։ 

Էլմիրա Արզումանյանն այսօրվա պես է հիշում կատարվածը։ Առավոտյան, ամուսինը դուրս է եկել տնից, որ մի հնար գտնի մորն ու կնոջը տարհանելու համար։ Այդ ընթացքում աշխարազորի տղաները մոտեցել են իրենց տանն ու կանչել, որ դուրս գան, քանի որ ադրբեջանցիներն արդեն գյուղում էին։ Էլմիրան անձնագրերից բացի տնից ոչինչ չի հասցնում վերցնել։ 

«Ասացին արագացրեք, թուրքերն արդեն գյուղում են, չգիտենք ինչ կլինի. ոտքով պիտի բարձրանանք Բովուրխանի լեռներ, այնտեղից անտառներով փորձենք հասնել Ստեփանակերտ։ Սկեսուրիս հետ դա անհնար էր, ամուսինս իր գալը բացառեց, ասաց՝ մաման չի դիմանա էդ ճանապարհին, ես էլ հո՞ չեմ թողնելու իրեն ստեղ ես գնամ, ես էլ ասացի ուրեմն ես էլ չեմ գալիս։ Աշխարազորի տղերքն ասացին՝ «տարեց կին է, բան չեն անելու, բայց որ քեզ տեսնեն, հաստատ կսպանեն»։ Պատմելը գուցե հեշտ է, բայց այդ օրը ինձ համար մի աշխարհի վերջ էր։ Մենք սկեսուրիս հանել էինք բակ, ինքն էլ էր խնդրում, որ գնանք, ասաց՝ ինձ բան չի լինի, դուք գնացեք։ Ամուսինս առաջ չէր գնում։ Ասաց՝ «սպասեմ գյուղից դուրս գան, հետո իջնեմ, մամային հանեմ»։ Ամեն ինչ այնքան հանկարծակի եղավ, մենք բարձրացանք գյուղի բարձունքներից մեկը, որտեղից տեսանելի է եղել մեր տունը, մի քանի րոպե անց ադրբեջանցիները մտան մեր տուն։ Տեսել ենք, թե ինչպես են ադրբեջանցիները սկսեսուրիս մեքենա նստեցրել ու տարել»,- վերհիշում է  սարսափով լի պահերը տիկին Էլմիրան։

Մղձավանջային օրերը դեռ առջևում էին։ Բոլոր կողմերից Ստեփանակերտ տանող ճանապարհը փակ էր, կապ չկար, Կարմիր գյուղն անցել էր ադրբեջանցիների վերահսկողության տակ։ Կարմիր, Ներքին Սզնեք ու Խաչմաչ համայնքների աշխարազորայինների հետ Էլմիրա Արզումանյանն անտառներում մնացել է 2 օր։

«Գետինը խոնավ, եղանակը ցուրտ, մենք աշխարհից կտրված անտառների մեջ․․․ Բովուրխանի բարձունքից հետևում էի Հարավի մարտերին։ Ամբողջ Աջափնյակ թաղամասը ծխի մեջ էր, ճանապարհներին ադրբեջանական զորք ու զրահամեքենաներ կային և բլոկպոստեր էին տեղադրվել։ Ներքին կապով մեր աշխարազորը կապ է հաստատել ղեկավարության հետ։ Նրանք ասացին ոչինչ չձեռնարկեք, առաջ չգաք, կգանք ձեր ետևից։ Հաջորդ օրը Արցախի նախագահը եկավ, ռուսների ու ադրբեջանցի զինվորականների հետ մեզ հանեցին շրջափակումից։ Չնայած հասել էինք Ստեփանակերտ, բայց սկեսուրիս գերի տանելու միտքը մեզ հանգիստ չէր տալիս։ Դիմել ենք Կարմիր խաչին ու խաղաղապահներին։ Մոտ մեկ շաբաթ հետո փրկարար ծառայողները մյուս քաղաքացիական գերիների հետ Շուշիից Ստեփանակերտ են տեղափոխել նաև ամուսնուս մորը»։

91-ամյա կինը հիշողության կորուստ ունի։ Հայաստան տեղահանվելուց հետո շատ բան չի պատմում։ Էլմիրան ասում է, որ գիշեր-ցերեկ մտքում ու բարձրաձայն խոսում է Կարմիր գյուղի մասին, որտեղ ապրել է գրեթե մի ամբողջ դար...

Հունան Թադևոսյան