Գիտնականները բացահայտել են երեխաների՝ վաղ քնելու առողջական առավելությունները

Չինաստանի մանկական վերականգնողական դեպարտամենտի գիտնականները կապ են հայտնաբերել երեխաների մոտ քնելու ժամի և աղիների միկրոբիոտայի բազմազանության միջև:
«Scientific Reports» ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ այն երեխաները, ովքեր ավելի վաղ են քնում, ունեն ավելի մեծ միկրոբիոմի բազմազանություն:
Հետազոտությունը ցույց է տվել, որ այն երեխաները, ովքեր քնելու են երեկոյան 22:30-ից առաջ, ունեն ավելի շատ օգտակար բակտերիաներ, այդ թվում՝ Akkermansia muciniphila-ն, որը կապված է աղիքների առողջության և ճանաչողական ֆունկցիայի հետ: Այս միկրոօրգանիզմները կարող են դեր խաղալ աղիքային լորձաթաղանթի պաշտպանության և իմունային պատասխանի կարգավորման գործում, ինչը դրականորեն է ազդում երեխայի առողջության և զարգացման վրա:
Փորձագետները 2-ից 14 տարեկան 88 երեխայի կղանքի նմուշներ են հավաքել և նրանց աղիքային միկրոբիոտայի գենոմային անալիզ են անցկացրել: Երեխաներին բաժանել են երկու խմբի՝ ելնելով այն ժամանակից, երբ նրանք քնել են, և երկու շաբաթվա ընթացքում հետազոտողները հետևել են քնի ցուցանիշներին՝ ներառյալ տևողությունը, գիշերային արթնացումները և քնի արդյունավետությունը:
Վերլուծությունը ցույց է տվել, որ այն երեխաների մոտ, ովքեր վաղ են քնել, ավելի շատ բակտերիաներ են ունեցել, ինչպիսիք են Akkermansia muciniphila, Holdemania filiformis և Alistipes finegoldii: Այս բակտերիաներն ու սնկերը կարևոր դեր են խաղում աղիքների առողջության պահպանման մեջ ու ներգրավված են ամինաթթուների նյութափոխանակության ու նյարդային հաղորդիչների կարգավորման մեջ, որոնք կարևոր են ճանաչողական զարգացման համար:
Ավելի մանրամասն վերլուծությունը ցույց է տվել, որ Akkermansia muciniphila-ն և Alistipes fingoldii-ը դրականորեն կապված են քնի տևողության հետ, մինչդեռ Clostridium sp CAG-253-ը բացասական հարաբերակցություն է ցույց տվել քնի հետաձգման հետ: Սա ենթադրում է, որ միկրոբիոմը կարող է ազդել քնի և ճանաչողական ֆունկցիայի վրա, ներառյալ կենտրոնանալու և տեղեկատվության մշակման կարողությունը:
Հեղինակները ենթադրում են, որ իրենց հայտնագործությունը կարող է օգնել մշակել մանկական քնի խանգարումների բուժման նոր մեթոդներ՝ միկրոբիոմի մոդուլյացիայի միջոցով: