Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածը երեք տարի է՝ չի վերականգնվում․ ո՞վ է պատասխանատու

Ծիծեռնակաբերդի խճուղու մի մասը 2022 թվականի մայիսի 20-ին «Սահակյանշին» ԲԲԸ կողմից կառուցապատման հետևանքով փլուզվել էր, և ճանապարհը դարձել էր սկզբում՝ անանցանելի, իսկ մասնակի վերականգնելուց հետո՝ գրեթե միակողմանի։
Կարելի է ասել՝ ճանապարհի ուղիղ կեսը փլուզման հետևանքով անհետացել էր, ու թեև քաղաքապետարանը խոստացել էր, որ կառուցապատողը կվերականգնի ճանապարհի փլուզված հատվածը, սակայն մինչ օրս որևէ աշխատանք չի տարվել այդ ուղղությամբ։ Այսինքն՝ արդեն երրորդ տարին է լրանում, և այդ պարզ հարցը մինչ օրս լուծված չէ։
Երևանի քաղաքապետարանից այս ընթացքում տարատեսակ բացատրություններ-արդարացումներ են տվել, թե ինչու մինչև հիմա չի կառուցվում փլուզված ճանապարհը, ասում են՝ «Սահակյանշին» ԲԲԸ-ն պետք է կառուցի, դրա համար նախագիծ են արել, սպասում են, տեխնիկական խնդիրներ կան և այլն, և այլն։
MediaHub-ն այսօր նորից փորձեց հասկանալ, թե երբ է, ի վերջո, վերականգնվելու Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածը։ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը մեզ փոխանցեց հետևյալը․ «Կառուցապատողը ճանապարհի այդ հատվածի հետ կապված շինթույլտվության համար դիմել է, այնտեղ որոշակի շտկումներ ենք իրեն ասել, որ անի, հիմա այդ շտկումները պիտի անի, ուղարկի մեզ՝ հաստատվի, նոր այդ պրոցեսը կմեկնարկի»։
Կոստանյանը նաև ասաց, որ այս հարցով իրավասու համապատասխան վարչությունից ևս պետք է տեղեկատվություն ստանա, հենց ստանա, կփոխանցի մեզ։ Այս պահի դրությամբ, սակայն, դեռ չենք ստացել այդ տեղեկատվությունը։
Վահե Մակարյան