Խանդանյանը մեկնել է Կիև, որ խորտակվող նավի ժողովրդին ասի՝ «դուք շատ դուխով եք»

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը Կիեւում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ:
Այս մասին կարդում ենք Ազգային ժողովի տարածած հաղորդագրության մեջ։ Բայց սա դեռ սկիզբն է։
Ոչ այնքան մտահոգիչ է այն, որ Խանդանյանը մեկնել է Կիև, քանի որ սա ոչ պաշտոնական այց է, ոչ էլ, ասենք, ուկրաինուհիների հետ սերտ կապեր հաստատելու նպատակով, մտահոգիչն այն է, որ սա հերթական հակառուսական հետևանքներ ունեցող այց է՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի կատարմամբ: Եվ չափազանց մտահոգիչ է այն, թե ինչ է խոսել Խանդանյանը Կիևում Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ:
Ահա թե ինչ է ասել Խանդանյանը Ստեֆանչուկին՝ ըստ ԱԺ կայքում հրապարակված հաղորդագրության․ «Սարգիս Խանդանյանը ՀՀ Ազգային ժողովի անունից իր աջակցությունն է հայտնել Ուկրաինայի Գերագույն ռադայի գործընկերներին երկրի համար դժվարին պայմաններում խիզախ գործունեության համար եւ շեշտել միջխորհրդարանական հարթակներում համատեղ գործելու կարեւորությունը»։
Փաստորեն, ՔՊ-ական պատգամավորը Ուկրաինայի համար «այս դժվարին պայմաններում» մեկնել է Կիև, որ այնտեղի Գերագույն ռադայի նախագահին ասի՝ «դուք շատ դուխով եք»։ Մոտավորապես այնքան «դուխով», որքան Հայաստանի իշխանություններն էին 44-օրյա պատերազմի օրերին, որը տեսանք՝ ինչպես ավարտվեց։ Հիմա նույն ճակատագիրը սպառնում է Ուկրաինային, քանզի Թրամփն ու Պուտինն արդեն, կարծես թե, պայմանավորվածության են եկել ավարտել ռուս-ուկրաինական պատերազմը՝ հօգուտ Ռուսաստանի և ի հաշիվ Ուկրաինայի կամ Ուկրաինայի կորցրած տարածքների։
Այսինքն՝ Ուկրաինան հայտնվել է բառացիորեն խորտակվող նավի կարգավիճակում, քանզի աշխարհի գերտերություններն արդեն իրար մեջ կիսել, մասնատել ու բաժանել են Ուկրաինան, այս երկիրը տասնյակ հազարավոր զոհեր է տվել՝ ուղեկցված տարածքային կորուստներով, այսինքն՝ զոհեր «հանուն ոչնչի», ինչպես Հայաստանի դեպքում եղավ, ու այդ պայմաններում Հայաստանից պաշտոնյա է մեկնում այդ խորտակվող նավ, որ նրանց ոգևորիչ խոսքեր ասի։
Ինչպես կասեր դասականը՝ խելքի՛ աշեցեք։ Թեպետ՝ խելք պետք է ունենան, որ աշեն կամ էլ ունեցած խելքը դիտավորյալ օգտագործում են ի վնաս Հայաստանի և հայ ժողովրդի շահերի, ինչում բազմիցս համոզվել ենք։
Վահե Մակարյան