Ես ԱԱԾ-ին որևէ բան չեմ հայտնել, իսկ այն հատկացումը, որ «Ուիգմորին» է արվել, աննախադեպ է. Ծաղիկ Վարդանյան 

Ես ԱԱԾ-ին որևէ բան չեմ հայտնել, իսկ այն հատկացումը, որ «Ուիգմորին» է արվել, աննախադեպ է. Ծաղիկ Վարդանյան 

Ապրիլի 18-ին MediaHub-ը հոդված էր հրապարակել «Ո՞վ է «փուռը տվել» Անահիտ Ավանեսյանին» վերտառությամբ, որտեղ նշել էինք, որ Պետական առողջապահական գործակալության նախկին ղեկավար Ծաղիկ Վարդանյանն է իր պաշտոնավարման ընթացքում տվյալներ հավաքել առողջապահական համակարգի և, ի մասնավորի, Անահիտ Ավանեսյանի, ԲԿ-ների ֆինանսավորման մասով և դրանք տրամադրել ԱԱԾ-ին։ ԱԱԾ-ն էլ, իրացնելով այդ տվյալները, խուզարկություններ է սկսել ինչպես առողջապահության նախարարությունում, այնպես էլ ՊԱԳ-ում և պետպատվերի ահռելի քանակություն ստացած «Ուիգմոր» բժշկական հաստատությունում։ 

Հոդվածը գրելու օրը մենք փորձել, սակայն չէինք կարողացել կապ հաստատել Ծաղիկ Վարդանյանի հետ, որ նրա մեկնաբանությունը ևս լսենք։ Հոդվածից հետո Ծաղիկ Վարդանյանն ինքը գտավ մեզ և ցանկություն հայտնեց իր տեսակետը ներկայացնել մեր հոդվածում իրեն վերաբերող տեղեկությունների վերաբերյալ։ Նա նախ ասաց, որ ինքն ԱԱԾ-ին որևէ բան չի հայտնել, որևէ տվյալ չի փոխանցել։ 

«Ես կարդացի Ձեր գրածը և ուզում եմ իմ կողմից հայտարարություն անել, որ ես ո՛չ ԱԱԾ-ին, ո՛չ որևէ այլ իրավապահ մարմնի ոչ մի բան չեմ հայտնել, որևէ նման բանում ներգրավված չեմ, եթե ինչ-որ բան խոսել եմ, խոսել եմ հրապարակային «Ֆեյսբուքի» իմ էջի և տարբեր հարցազրույցների միջոցով։ Հետևաբար, ես գնամ կամ ինձ կանչեն, որ ինչ-որ մի բան ասեմ, դրա իմաստը չեմ տեսնում, որովհետև ինչի մասին, որ խոսել եմ, խոսել եմ բաց, հրապարակային, էդպես էլ շարունակելու եմ»,- ասաց Ծաղիկ Վարդանյանը։

Նա նաև նկատեց, որ ԱԱԾ-ն դրա կարիքը չունի էլ (նկատի ունի այլ անձանց կողմից իրենց հատուկ տվյալներ փոխանցելը - խմբ․), քանի որ ցանկացած գերատեսչությունում կա ԱԱԾ-ի ներկայացուցիչ՝ նախարարի խորհրդականի հաստիքով, այդ ներկայացուցիչներն ամեն ինչի նկատմամբ հասանելիություն ունեն, հետևաբար առանձնապես կարիք էլ չունեն այլ անձանց «ծառայությունների»: Ուստի նորից շեշտեց, որ ինքը որևէ մեկին ինֆորմացիա չի տվել, իրեն էլ որևէ տեղ չեն հրավիրել։ 

Առիթից օգտվելով՝ Ծաղիկ Վարդանյանին նաև հարցրինք, թե ինչպե՞ս է գնահատում առողջապահության նախարարության շուրջ սկսված այս գործընթացը։ 

«Այն մոտեցումը, այն հատկացումը, որ «Ուիգմորին» է արվել, աննախադեպ է։ Այդ մասին ես էլ եմ գրել «Ֆեյսբուքում», որ պետական պատվերի հատկացումները, հատկացման քանակը, ես գտնում եմ, որ աննախադեպ է։ Ես պետպատվերի բաշխման գործընթացում վերջին մարդը չեմ եղել, հանձնաժողովի առնվազն քարտուղար եմ եղել, և ես չեմ հիշում, որ վերջին տասը տարվա մեջ երբևէ այդքան մեծ գումար միանգամից նոր ստեղծված հիմնարկին տան։ Ես անընդհատ կրկնել եմ այդ մտքերը։ Հիմա, եթե դա հիմնավորում են, թող ցույց տան, ապացուցեն, ես էլ կասեմ՝ «եղավ»։ Եւ սա որևէ անձի հետ կապ չունի, վաղը ինչ-որ մարդիկ էլ փոխվեն, ու էլի լինի այսպիսի իրավիճակ, ես նորից կրկնելու եմ նույնը։ Մենք աղյուսակ ենք կազմել, ցույց ենք տվել, թե ոնց է ստացվել, որ մնացածին ավելի քիչ գումար են տվել, քան իրենց։ Հիմա, եթե իրենք ունեն հոդաբաշխ բացատրություն դրան, թող տան»,- նշեց ՊԱԳ նախկին ղեկավարը։ 

Վահե Մակարյան