Ի՞նչ միջազգային ճնշման մասին է խոսում Փաշինյանը 

Ի՞նչ միջազգային ճնշման մասին է խոսում Փաշինյանը 

Ադրբեջանն օրեր շարունակ զորքեր է կուտակում Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով, երեկ կառավարության նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով՝ նախորդ շաբաթվա ընթացքում ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում էականորեն սրվել է։

Փաշինյանն ասել է, թե իրավիճակն այնպիսին է, որ միջազգային հանրությունը, ՄԱԿ-ի ԱԽ անդամ երկրները պետք է լրջագույն միջոցներ ձեռնարկեն՝ տարածաշրջանում նոր պայթյունը կանխելու համար։

Սա այն դեպքն է, երբ Փաշինյանի հետ դժվար է չհամաձայնելը, որովհետև Հայաստանը չունի Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը զսպելու դիվանագիտական, պաշտպանական ռեսուրսներ:

Մյուս կողմից, միջազգային հանրությունը շարունակում է բավարարվել Բաքվի քաղաքականությունը դատապարտող հայտարարություններով՝ առանց կոնկրետ քայլերի:

Ռուսաստանը կաշկանդված է ուկրաինական պատերազմով ու անում է առավելագույնը՝ Հարավային Կովկասում երկրորդ ճակատի բացումը թույլ չտալու համար: Ավելին, ստեղծված իրավիճակում Թուրքիան ու Ադրբեջանը Ռուսաստանի համար կարևոր գործընկերներ են, որոնց միջոցով Մոսկվան մեղմում է արևմտյան պատժամիջոցների հետևանքները:

Սակայն նույն վիճակն է նաև Արևմուտքում, որի երկրները և ինստիտուտները մտադիր չեն փոխել իրենց քաղաքականությունն Ադրբեջանի հանդեպ: ԵՄ արտգործնախարար Բորելը հայտնել է՝ Եվրամիությունը չի դիտարկում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի պատճառով Ադրբեջանի հետ անգամ էներգետիկ համագործակցությունը դադարեցնելու հարցը։

Նման միջազգային համատեքստը, ցավոք, միանգամայն հնարավոր է դարձնում Ադրբեջանի նոր ագրեսիան:

Վահրամ Բագրատյան