Արցախի «ինտեգրացիա»՝ միջազգային կոնսենսուսով 

Արցախի «ինտեգրացիա»՝ միջազգային կոնսենսուսով 

Երեկ տեղի ունեցած երկու իրադարձությունները, որոնք արտաքուստ ուղղակի փոխկապակցվածություն չունեն, ամբողջացնում են այն համատեքստը, որ ստեղծվել է ԼՂ-ի շուրջ:

Երեկ Եվլախում տեղի ունեցավ հանդիպում Ադրբեջանի ու Արցախի ներկայացուցիչների միջև։ Իհարկե, սա դասական իմաստով չի կարելի բանակցություն կոչել, որովհետև, ըստ էության, քննարկվում են այն պայմանները, որոնցով ԼՂ սուբյեկտությունը պետք է ոչնչացվի, այլ խոսքով՝ ուժի մեջ է մտնում Բաքվի «ինտեգրացիայի» օրակարգը:

«Ղարաբաղի հայությանը փոխանցվել է Ադրբեջանի սահմանադրության և օրենքների վրա հիմնված ինտեգրացիայի ծրագիրը»,- ասված է պաշտոնական Բաքվի տարածած հաղորդագրության տեքստում:

«Գործնական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող մի շարք հարցեր: Կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ»,- սա էլ պաշտոնական Ստեփանակերտի տարածած հայտարարությունն է:

Մի խոսքով՝ կարող ենք արձանագրել, որ տրված է Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդման ու Բաքվի «ինտեգրացիայի» օրակարգի մեկնարկը:

Երեկ ուշ երեկոյան ԼՂ խնդիրը քննարկվում էր արդեն Նյու Յորքում: Ֆրանսիայի նախաձեռնությամբ հրավիրված ՄԱԿ ԱԽ նիստը ավարտվել է՝ սահմանափակվելով քննարկմամբ։ 

Եթե անգամ Ադրբեջանի բացահայտ ագրեսիայից հետո միջազգային հանրությունը սահմանափակվում է հայտարարություններով՝ առանց կոնկրետ գործողությունների, Ադրբեջանի դեմ պատժամիջոցների, ապա կարող ենք արձանագրել, որ Բաքվի գործողությունների շուրջ առնվազն գոյություն ունի միջազգային լռելյայն կոնսենսուս:

Վահրամ Բագրատյան