Փաշինյանի թեզն այն է, որ մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանվածության մեջ է․ Բադասյան

Չեմ ուզում մեկնաբանել մի մարդու հայտարարություն, որ վաղուց թշնամի է դարձել։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Արցախի նախկին նախագահի անվտանգային ու տեղահանվածների հարցերով խորհրդական Վահան Բադասյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, թե նախքան «խաղաղության պայմանագրի» ստորագրումը ՀՀ-ն սահմանի դեմիլիտարիզացիա, այսինքն՝ ապառազմականացում է առաջարկել Ադրբեջանին։
MediaHub-ը Բադասյանից հետաքրքրվել էր, թե ինչ պետք է սպասել այս հայտարարությունից հետո, և եթե նման թուղթ ստորագրվի, ի՞նչ կլինի։
Նրա խոսքով՝ թշնամու նպատակը մեկն է՝ ոչնչացնել դիմացինին, ու եթե Փաշինյանը հայ ժողովրդի թշնամին է, ի՞նչ պետք է սպասել նրանից։
«Իր նպատակը հայկական բանակը ոչնչացնելն է, ինքը պետք է Ադրբեջանի հետ դա անի, որ կամաց-կամաց վերացնի մեզ»,- նշեց նա։
Ըստ Բադասյանի՝ սա թշնամական պետության նպատակն է, ու բանակը կազմաքանդելը առաջնային է։
«Սա Լևոն Տեր-Պետրոսյանի թեզն է․ նա էր ասում, որ մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանվածության մեջ է, ու Նիկոլ Փաշինյանն առաջ է տանում»,- նկատեց նա։
Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե բանակը բարեփոխելը, ուժեղ և մարտունակ բանակ ունենալը յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է և մենք շարունակելու ենք գնալ այս ճանապարհով, Բադասյանն արձագանքեց՝ բոլոր ասպարեզներում էլ խոսում է զարգացումից, սակայն տանում է դեպի կործանում։
«Կրթություն, գիտություն, մշակույթ, պաշտպանություն, մարդու իրավունքներ, տնտեսություն․ բոլոր ոլորտները տանում է ոչնչացման։ Ես իր խոսքերին չեմ հավատում։ Դրանք ուղղակի ասում է, որ մարդկանց ցույց տա, թե դեպի լավն ենք գնում։ Զենքի մասին է խոսում, որ հայրենասեր մարդիկ էլ մի քիչ հանգստանան, մտածեն՝ դե խեղճ Նիկոլն էլ ի՞նչ անի»,- նշեց նա։
Ամփոփելով խոսքը՝ Վահան Բադասյանն ասաց, որ ոչ մի լավ բան Փաշինյանի հայտարարություններից սպասել չի կարելի։
Նարե Գնունի