Ով կախել է էդ ժամացույցը՝ թող գա, ինքն էլ հանի ու ներողություն խնդրի․ Գարեգին Խումարյան

Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը սկզբից զարմացավ, երբ ասացինք, որ Հանրային ռադիոյի նյուզռումում երկու օր է՝ Բաքվի ու Անկարայի ժամանակը ցույց տվող ժամացույցներ են կախված, ապա անձամբ համոզվելուց և համացանցում ժամացույցների նկարը տեսնելուց հետո ասաց, որ դա նորություն է, նախկինում այդպիսի բան երբևէ չի եղել, ու իրեն էլ, բնականաբար, չեն ասել ու որևէ մեկը չէր կարող պարտադրել, որ այդպիսի բան աներ։
Ըստ նրա՝ այս իրավիճակը մի քանի հարթություն ունի․
«Հանրային ռադիոն աննորմալ հասարակական աջակցություն ունեցող լրատվամիջոց է, ու այդտեղ կադրային ջարդ անցկացնելու համար դու պիտի նախ էդ լրատվամիջոցի ողնաշարը ջարդես հասարակական ընկալման մեջ, այսինքն՝ երբ որ էդ մարդկանց սկսեն «փրթել», մեր ռադիոլսողները պիտի ասեն՝ դե, ի՞նչ կա էս մարդկանց պաշտպանելու, Բաքվի ժամացույցի տակ նստած՝ աշխատում են, ուստի չարժի իրենց համար «քյալլա» տալ։ Էս տեղեկատվական օպերացիայի հիմնական մեխը սա է՝ վարկաբեկել Հանրային ռադիոընկերության աշխատակիցներին, որպեսզի հետո առանց հասարակական «ղալմաղալի», իրենց ուղղակի կամաց-կամաց կոտրեն»։
Երկրորդ նպատակը, ըստ Խումարյանի, այն է, որ ամենասկզբունքային, ամենալավ մարդիկ սկսեն ամաչել այդ շենք աշխատանքի գալուց, և դիմում գրեն-գնան։
«Էս նոր ղեկավարը, որ եկել է, ըստ երևույթին, նոր հասկացել է, որ եթե դու աշխատանքային օրենսգրքով ես առաջնորդվում, վարչաիրավական տեսանկյունից մարդ հեռացնելը էդքան էլ հեշտ չի։ Դա լուրջ խնդիր է, որի տակից բարդ է դուրս գալը։ Ու սա նաև արվել է նրա համար, որ մարդիկ ինքնակամ զզվեն, դիմումները գրեն-գնան։ Երրորդ կետը. Դուք՝ բոլորդ, էդ իրավիճակի մասին գիտեք Հանրային ռադիոյի աշխատակիցների միջոցով։ Էդ նկարը, որ պտտվում է, դա իրենք են արել։ Եւ իրենք գործել են լրատվամիջոցների և լրագրողների էթիկական վարքականոնի 3.3 կետի շրջանակներում, որը ենթադրում է, որ երբ լրատվամիջոցի վրա ղեկավարության, սեփականատերերի, գովազդատուների կողմից կա ճնշում, ու լրատվամիջոցի աշխատակիցները չեն կարողանում էդ ճնշմանը դիմակայել, իրենք պարտավոր են հասարակությանը տեղյակ պահել էդ ճնշումների վերաբերյալ։ Այդ մարդիկ առաջնորդվել են հենց այդ հոդվածով ու շատ ճիշտ են արել»,- ասաց Հանրային ռադիոյի նախկին տնօրենը։
Մեր հարցին, թե կարծում է՝ ռադիոյի աշխատակիցների կողմից տարածված նկարի մեսիջը հենց դա՞ էր, որ իրենց ճնշել են, Խումարյանն ասաց․ «Ես կարծում եմ, որ այդ մարդիկ, երբ դա հրապարակել են, իրենք ձեզնից, հասարակությունից խնդրում են օգնություն»։
Նա նաև նկատեց, որ այդ ժամացույցն այդ պատից հանելու պատրաստ մարդիկ կան Հանրային ռադիոյում, բայց կարծում է, որ ճիշտն այն է, որ ով կախել է՝ իր ձեռքով գա դա իջեցնի, մի հատ էլ ներողություն խնդրի դրա համար․ «Ով կախել է էդ ժամացույցը՝ թող գա ինքն էլ հանի ու ներողություն խնդրի իր արածի համար»։
Բայց ամենակարևորը, որ ցանկացավ մատնանշել Հանրային ռադիոյի նախկին տնօրենը, այն է, որ սա, իր կարծիքով, հերթական Օվերտոնի պատուհանն է բացում հանրային դաշտում, երբ դու սկսում ես քննարկել անքննարկելի բաները։ Այսինքն՝ սա արվել է, որ մարդիկ սկսեն քննարկել ու հետո հարմարվել Բաքվի ժամացույցի ներքո աշխատելուն։
Հիշեցնենք, որ Հանրային ռադիոյի գործող տնօրեն Արմեն Քոլոյանն էլ երեկ MediaHub-ի հետ զրույցում խոստովանել էր, որ սա իր նախաձեռնությունն է, և չի պատրաստվում Բաքվի և Անկարայի ժամացույցները հեռացնել Հանրային ռադիոյից, քանի որ դրանք տեղեկատվական բնույթ ունեն։
Վահե Մակարյան