Ե՞րբ դասերը կվերսկվեն «փոսի դպրոցում»

Ե՞րբ դասերը կվերսկվեն «փոսի դպրոցում»

MediaHub-ը մի քանի օր առաջ ահազանգ էր ստացել, որ Երևանի Հակոբ Օշականի անվան 172 հիմնական դպրոցում՝ հայտնի «փոսի դպրոցում» դասապրոցես չի եղել: Աշակերտները տեխնիկական պատճառով դպրոց չեն գնացել։ 

Մենք կապ էինք հաստատել դպրոցի տնօրեն Գայանե Մկրտչյանի հետ, ով հաստատել էր, որ դաս չի եղել։ Տնօրենը նշել էր, որ Օրբելի 23 տարածքում 30 հարկանի շենքի հիմք է գցվում, և այդ աշխատանքների արդյունքում դպրոցում որոշակի տատանումներ են առաջանում։ Նա հավելել էր, որ դիմել են տարբեր կառույցներ, և ստուգումներ են իրականացվում։ Ըստ այդմ, տեղեկացրել էր, որ մի քանի օր հեռավար կանցկացվեն դասերը՝ երեխաների անվտանգության և ապահովության համար։

Օրեր անց՝ այսօր, MediaHub-ը կրկին կապ հաստատեց Հակոբ Օշականի անվան 172 հիմնական դպրոցի տնօրենի հետ, որը տեղեկացրեց՝ դասերը շուտով կվերսկսվեն։

«Դեռ դասերն օնլայն ռեժիմով են, բայց երկուշաբթի օրվանից, ըստ երևույթի, աշակերտները կգան դպրոց, քանի որ ստուգումներն արդեն արվեցին, երկրաբանականի պատասխանն եկավ՝ ամենը նորմալ է, դպրոցի շենքի հիմքն ամուր է, դպրոցի շենքը խնդիր չունի։ Երեք շերտով ստուգել են, եզրակացությունն ինձ մոտ է, ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունն էլ ասաց ամենը նորմալ է, քաղաքապետարանից պետք է գա գրություն, որ երկուշաբթի վերսկսվեն դպրոցում դասերը: Սպասում ենք»,- MediaHub-ի հետ զրույցում նշեց դպրոցի տնօրենը։

Մկրտչյանի խոսքով՝ նա այսքան ժամանակ եղել է դպրոցում, ցնցումներն ու տատանումները քչացել են, մասնավորապես, երբ տեխնիկան Օրբելի փողոցում՝ մի քիչ ներքևում, աշխատել է, տատանումներն ընդհանրապես չեն զգացվել։

Հարցին, եթե տեխնիկան աշխատի իրենց ավելի մոտ հատվածում, և դա  զգացվի դպրոցում, ի՞նչ պետք է անեն, տնօրենը պատասխանեց․ «Հետոն պետք է որոշեն պատկան մարմինները, նրանք ասացին, որ դպրոցի հիմքն ամուր է, և վտանգ չկա։ Օրինակ՝ այսօր ցնցումներ չեն զգացվել»։

Հիշեցնենք, MediaHub-ը կապ էր հաստատել նաև Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության հետ, որտեղից փոխանցել էին․ «Դպրոցի տնօրենը ցնցումներ է զգացել ու ահազանգել է Փրկարար ծառայություն, այնտեղից արձագանքել են դպրոցի տնօրենի զանգին։ Որպեսզի պարզվի ինչ ցնցումների մասին է խոսքը, մասնագիտական ուսումնասիրություն պետք է արվի։ Այս պահին դպրոցն անցել է հեռավար դասապրոցեսի, որ այս ընթացքում փորձեն կոնկրետ պատճառները բացահայտել»։

Մարիաննա Արամյան