Քաղաքական հետապնդման զոհ են դարձել Արտակ Գալստյանի ընտանիքի անդամները. Բաբայան

Քաղաքական հետապնդման զոհ են դարձել Արտակ Գալստյանի ընտանիքի անդամները. Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քննչական կոմիտեն քրեական հետապնդումներ է սկսել «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի ընտանիքի անդամների նկատմամբ: Մասնավորապես, պարզվում է երեկ ձերբակալվել է նրա կինը և քրեական հետապնդում է հարուցվել որդու նկատմամբ:

Արտակ Գալստյանի տիկնոջ մասին հետաքրքրվեցի և պարզվեց, որ տնային տնտեսուհի է, որևէ առնչություն չունի ոչ ամուսնու աշխատանքի հետ և ոչ էլ որևէ հանրային ակտիվություն է դրսևորում: Ավելին, տիկնոջը նկարագրելիս ճանաչողներն ասում են, որ շատ հավասարակշռված, չափված և համեստ մարդ է:

Արտակ Գալստյանի որդու մասին կրկին հետաքրքվեցի և նորից միայն դրական կարծիքներ լսեցի:

Բոլորը պնդում էին, որ հանցագործություն բառը որևէ կերպ չի կարող տեղավորվել այդ տիկնոջ և որդու անունների կողքին:

Նկատի ունենալով նաև Արտակ Գալստյանի կողմից իշխանության հասցեին արվող կոշտ քննադատությունները, նրա նկատմամբ կիրառված բռնությունների փաստերը, ակնհայտ է դառնում, որ գործ ունենք քաղաքական կոշտ հետապնդման դեպքի հետ:

Իշխանությունը, փաստորեն, կրկին հատեց վաղուց գծված կարմիր գծերը, որի հետևանքով քաղաքական հետապնդման զոհ են դարձել քաղաքական հակառակորդի, Արտակ Գալստյանի ընտանիքի անդամները:

Սա ծայրաստիճան անընդունելի և ծայրահեղ քննադատելի երևույթ է»: