Սոթքում այս պահին խաղաղ է վիճակը, կրակոցներ չկան․ համայնքապետ

Սոթքում այս պահին խաղաղ է վիճակը, կրակոցներ չկան․ համայնքապետ

Այս պահին Սոթքում վիճակը համեմատաբար հանգիստ է։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Սևակ Խաչատրյանը։

Նա թեև հստակ ժամ չի ֆիքսել, սակայն ասաց, որ մոտ մեկ ու կես ժամ է, ինչ վիճակը կայունացել է։

«Հիմա գյուղում միայն տղամարդիկ են՝ պատրաստ ամեն պահի պաշտպանության, իհարկե, եթե հարկ լինի։ Իսկ կանայք ու երեխաները երեկվանից համայնքում չեն, տարհանել ենք»,- ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ այժմ գյուղում կրած վնասների մասին խոսել չի կարող, քանի որ դրանք դեռ չեն գույքագրվել։

«Սոթքում գիշերվա գնդակոծության հետևանքով վնասվել է համայնքապետարանի շենքը, մի քանի տուն այրվել է, որոշ տների տանիքներն ու պատուհաններն են վնասվել: Բայց թե ինչ վնասի մասին է խոսքը, կարող ենք ասել, եթե վաղը խաղաղ լինի ու կարողանանք աշխատանքներ իրականացնել»,- նշեց նա։

Նարե Գնունի