Գոյություն չունի որևէ փաստաթուղթ, որով Հայաստանը ճանաչել է Ադրբեջանը՝ ներառյալ Արցախը․ Ալավերդյան
Ադրբեջանի գործողությունները՝ կրակել հայ գյուղացու, հայկական դիրքերի ուղղությամբ, սովորական դարձած ձեռագիր է։ Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով թշնամու՝ վերջին շրջանում էլ ավելի ակտիվացած սադրանքներին։
Նրա խոսքով՝ ադրբեջանական բանակը չի ունեցել որևէ հաղթանակ, այս հաղթանակը Թուրքիայինն ու թուրքական բանակինն է, ինչպես նաև վարձկաններինը։
«Պետք չէ զարմանալ, որ թշնամին այսօր խուժանավարի այս ու այն կողմից խփում է։ Այդ ցեղասպանական ագրեսիայի արդյունքները թուրքական բանակի աշխատանքինն են։ Դեռ կգան ժամանակներ, որ Թուրքիան, որպես կազմակերպիչ, իսկ Ադրբեջանը՝ որպես պատասխանատու, կկանգնեն միջազգային դատարանների առջև»,- ասաց Ալավերդյանը։
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հոխորտանքներին՝ Ալավերդյանը նկատեց՝ Ալիևն իրավունք չունի խոսելու միջազգային իրավունքի մասին, քանի որ անգամ գաղափար չունի, թե ինչ է դա։
«Պետք է հասկանանք, որ իր բոլոր ճառերն ու պնդումներն ունեն զուտ նավթային ու գազային հոտ, որ այդքան դուր է գալիս Արևմուտքին։ Դա գալիս է նաև համոզմունքից, որ հայկական իշխանությունը նույնպես այդ ձևով է մտածում։ Ալիևի նկրտումները մեր իշխանության կողմից ընդունվում են»,- ասաց Ալավերդյանը։
Նա նկատեց՝ այն, ինչի վրա հիմնվում է Ալիևը, 1991 թվականի դեկտեմբերի 12-ի հայտարարությունն է, որտեղ սահմանների մասին գրվածը չի խոսում այն մասին, թե եղած սահմանները ճանաչվում են։ «Չկա որևէ փաստաթուղթ, որ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանը՝ ներառյալ Արցախը»,- նշեց Ալավերդյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։