Ադրբեջանցին 4 կողմից էլ մխրճվի մեր հողի մեջ՝  Տիգրանաշենում եմ ապրելու․ վարչական ղեկավար

Ադրբեջանցին 4 կողմից էլ մխրճվի մեր հողի մեջ՝  Տիգրանաշենում եմ ապրելու․ վարչական ղեկավար

Հրավիրված ասուլիսի ժամանակ այսօր Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ Ադրբեջանի 86,600-ի մեջ այդ հաշվարկներով մտնում են նաև անկլավները։ 

Այդ անկլավների շարքում է նաև Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղը։ 

MediaHub-ը պարզաբանում խնդրեց  Տիգրանաշեն և Պարույր Սևակ վարչական տարածքների ղեկավար Լյուդվիգ Ստեփանյանից, հասկանալու, թե ինչպիսի տրամադրվածություն է գյուղում և արդյո՞ք Տիգրանաշենի հեռանկարում «հանձնումը» կաշկանդում է բնակիչներին։

Ստեփանյանի խոսքով՝ այսօր կա այնպիսի իրողություն, որից խուսափելը, գրեթե, անհնար է։

«Ես, իրականում, ճիշտ չեմ համարում վարչապետի հայտարարությունը մեկնաբանել, որովհետև կարող են լինել երևույթներ, որոնք մեր համար հասանելի ու տեսանելի չեն։ Այսօր մենք այնպիսի իրավիճակում ենք, գիտակցում ենք, թե ինչ բարդ փուլ է մեզ սպասվում։ Անկլավների հանձնման մասով ես ոչինչ ասել չեմ կարող։ Բայց ուզում եմ ձեր հարցերին հարցով պատասխանել՝ ի՞նչ եք մտածում, եթե երաշխավորված անվտանգություն լինի, միջազգային հանրությունն էլ պնդի, որ այդ տարածքը մերը չէ, ի՞նչ պետք է անենք մենք։ Այլ հարց է, որ բոլորս գիտակցում ենք՝ պատմականորեն, պապերից եկած մեր տարածքն է, բայց այս մասին միայն մենք հստակորեն գիտենք, միջազգային հանրության մոտ սա կարող է որևէ նշանակություն չունենալ»,-ասաց նա։

Ստեփանյանի խոսքով՝ շատ կարևոր է հասկանալ և ընկալել պատերազմներից խուսափելու և զոհեր չտալու կարևորությունը։ 

«Սա մեր հայրենիքն է, բոլորինս»։

Հարցին՝ եթե անկլավների փոխանակում լինի և Տիգրանաշենն անցնի Ադրբեջանի կազմի մեջ, ապա տիգրանաշենցին պատրա՞ստ է այնտեղ ապրել, վերջինս պատասխանեց․

«Բնականաբար, սա անցանկալի է մեզ համար, որովհետև հայ ենք։ Բայց պետք է նաև վերլուծել ներկայիս իրավիճակը, երբ մեր գյուղացին իր հողում գործ է անում, մի քանի կմ այն կողմ ադրբեջանցին է կանգնած։ Անցանկալի է, որ մեզ հետ ադրբեջանցին ապրի, բայց մենք հիմա էլ կիպ-կպած ապրում ենք ադրբեջանցու հետ։ Իմ ասածն այն է, որ ադրբեջանցին 4 կողմից էլ մխրճվի մեր հողի մեջ, ես այստեղ եմ ապրելու, չեմ գնալու»,-նշեց Ստեփանյանը։

Վարչական ղեկավարի խոսքով՝ թշնամի երկրի ցանկացած ծավալապաշտական նկրտում անցանկալի է, սակայն արդյունավետության տեսանկյունից պետք է բոլոր ռիսկերը հաշվի առնենք։

«Պետք է գիտակցենք, որ սա վիճելի տարածք է, բայց իրականում, ես հավանական չեմ համարում, որ Տիգրանաշենը թշնամուն կտրվի»,- հավելեց մեր զրուցակիցը։ 

Լիաննա Թորոսյան