ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ընդգծում է՝ դատաիրավական համակարգը կենտրոնացել է քաղաքական հետապնդումների վրա՝ այն դեպքում, երբ իրական հանցագործները ազատության մեջ թմրանյութեր են տարածում, կողոպուտներ և սպանություններ կազմակերպում:
«Արդարադատության նախարարն այսօր հայտարարել է, որ երկրում համաներման հարց չի քննարկվում, ու սա այն դեպքում, որ 7 տարի է՝ նման պրոցես չի եղել, իսկ արդարադատության համակարգն այդպես էլ բանտերում պահման պատշաճ պայմաններ չի ապահովում, քրեակատարողական հիմնարկներն առավելապես ծանրաբեռնված են, ինչը հատկապես աշխատակազմի թերհամալրվածության պայմաններում բազմաթիվ խնդիրներ է առաջացնում:
Ստեղծված իրավիճակը բերում է կալանավորվածների/դատապարտյալների համար լրացուցիչ բարդությունների, վերահսկողության թուլացման և բազմաթիվ խնդիրներ, որոնց հետևանքներն արտահայտվում են նաև կարգապահական խախտումների, ինքնավնասումների կամ ինքնասպանությունների տեսքով:
Դեռ չեմ խոսում այն մասին, որ մեր երկրում ողջ դատաիրավական համակարգը գործում է քաղաքական հետապնդումների ուղղությամբ, իսկ իրական, վտանգավոր հանցագործները դրսում թմրանյութեր են տարածում, կողոպուտներ և սպանություններ կազմակերպում:
Երկու շաբաթ առաջ այս ու բազմաթիվ այլ հանգամանքների մասին նաև գործընկերս` Հայկ Մամիջանյանը, ԱԺ ամբիոնից խոսեց` շեշտելով, որ խոսքը քաղբանտարկյալների մասին չէ, այլ մարդկանց, որոնք այնպիսի հանցանք են կիրառել, որի համար որոշակի ժամկետով ազատազրկվել են և հասարակության համար վտանգ չեն ներկայացնում»,- սոցցանցի իր էջում գրել է Աբրահամյանը: