Ոստիկաններ են կանչվել հարցաքննության․ ովքե՞ր կդառնան քավության նոխազ

Ոստիկաններ են կանչվել հարցաքննության․ ովքե՞ր կդառնան քավության նոխազ

MediaHub-ի տեղեկություններով՝ 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ծնողների՝ Քննչական կոմիտեի մոտ իրականացրած վերջին օրերի բողոքի ակցիաներից հետո «Եռաբլուրում» տեղի ունեցած միջադեպի գործով մի քանի ոստիկաններ կանչվել են հարցաքննության։

Բանն այն է, որ քրեական վարույթն իրականացնող մարմինն, այսպես ասած, տեղից շարժվում է դեպքից միայն 2 ամիս անց՝ պատճառաբանելով, որ ոստիկաններին նույնականացնելը բարդ է ու ժամանակատար։

Գործով տուժողների՝ զոհված զինծառայողների ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը MediaHub-ի հետ զրույցում խտրական վերաբերմունք է տեսնում Քննչական կոմիտեի գործողությունների մեջ, պարզաբանում է. «Երբ Գարիկ Գալենյանի մասնակցությամբ միջադեպ տեղի ունեցավ Զինվորական քննչական գլխավոր վարչության դիմաց, չկային տեսախցիկներ, չկար որեւէ լրատվամիջոց, Քննչական կոմիտեի քննիչներին բավարար էր մի քանի ժամ, որպեսզի բացահայտեն Գալեյանի անձը եւ անմիջապես ձեռբակալեն՝ սպայի համազգեստի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Խտրական վերաբերմունք չե՞ք տեսնում։ Նույն համատեքստում, երբ խոսքը վերաբերում է ոստիկաններին, շուրջ երկու ամիս Քննչական կոմիտեն չի կարողանում նույնականացնել գործով անցնող անձանց, թեեւ ներկայացվել են բազմաթիվ նյութեր, ապացույցներ, տեսագրություններ։ Որեւէ մեկը կարո՞ղ է ասել, որ անաչառ, օբյեկտիվ, արդար քննություն է իրականացվում. մենք այդպես չենք կարծում»,-ասաց փաստաբանը։

Հովհաննիսյանը կարծում է, որ ամեն դեպքում կգտնվեն քավության նոխազներ, ու մի քանի ոստիկանի, իր խոսքով՝ ձեւական մեղադրանքներ կներկայացվեն։ Փաստաբանն ընդգծում է՝ իրենց նպատակը ծնողներին «Եռաբլուրից» բերման ենթարկելու հրաման տվողի անձը պարզելն է, ոչ թե քավության նոխազներ գտնելը։

MediaHub-ը Քննչական կոմիտեից փորձեց ճշտել, թե «Եռաբլուրի» գործով անցնող քանի՞ ոստիկան է կանչվել հարցաքննության, գործն ի՞նչ փուլում է։ Գերատեսչության մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը ասաց, որ այս փուլում վարույթն իրականացնող մարմինը հարկ չի համարում գործից տեղեկություններ հայտնել։

«Հարցերը վերաբերում են կոնկրետ քրեական վարույթներով քննչական գործողությունների, դրանց արդյունքներին։ Սակայն քննությունների այս փուլում նման տվյալները հրապարակման ենթակա չեն կարող լինել, քանի դեռ վարույթն իրականացնող մարմինը դա հարկ չի համարել»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության օրը, զոհված զինծառայողների ծնողները պանթեոնում էին՝ արգելելու Նիկոլ Փաշինյանին մոտենալ իրենց որդիների շիրիմներին։ Ոստիկանության աշխատակիցները՝ ծառայողական պարտականությունները կատարելիս, ծնողների մի մասին, այդ թվում նաեւ մայրերին, ուժով բերման ենթարկեցին, որպեսզի Փաշինյանն անարգել մտնի պանթեոն։

Տեղի ունեցած միջադեպից հետո զոհվածների ծնողների բողոքի հիման վրա քրեական գործ է հարուցվել։ Զոհվածների ծնողների ակցիաներից հետո պարզ դարձավ, որ Քննչական կամիտեն միայն 3 ամիս անց է ոստիկաններին կանչում հարցաքննության։

Մինչ այդ, ինչպես նշում են բողոքաբերները, սայլը տեղից չէր շարժվում, ավելին՝ Քննչական կոմիտեից հայտնում էին, որ ծնողների նկատմամբ ուժ կիրառած ոստիկանները դեռեւս չեն հայտնաբերվել։

Լիա Սարգսյան