Ալեն Սիմոնյանին ասեք, որ չենք կասկածում՝ Ալիևը անպայման հարձակվելու է 

Ալեն Սիմոնյանին ասեք, որ չենք կասկածում՝ Ալիևը անպայման հարձակվելու է 

Երևան, 2024 թվական, մեր օրեր։ Հայաստանի Ազգային ժողովի նախագահը, ի բարեբախտություն հարևան Ադրբեջանի, շարունակում է լինել Ալեն Սիմոնյանը: Նա, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Տավուշի մարզից հողեր տալու իրենց իշխանության պլաններին, նախ ասել է, թե մարդ է ման գալիս, որը կասի, թե այդ հողերը հայկական են։ 

«Մենք հիմա փնտրտուքի մեջ ենք այն մարդկանց, ովքեր համարում են, որ դա Հայաստանի տարածք է։ Ես ման եմ գալիս այդ մարդկանց, ովքեր կգան և կապացուցեն, որ դա Հայաստանի Հանրապետության տարածք է»,- ասել է Սիմոնյանը։ 

Կարճ ասած՝ Ալեն Սիմոնյանը կասկածող է ման գալիս, Հայաստանի՝ հայկական լինելու վերաբերյալ կասկածող։ Նա, վստահաբար, նախկինների օրոք երբեք չէր ասի, որ Տավուշի մարզի այդ գյուղերը ՀՀ տարածք չեն։ Հակառակը, նա «Աղդամն իմ հայրենիքն է» դեմքի հպարտ արտահայտությամբ «կքլնգեր» նախկիններին ու նրանց կհամարեր դավաճան, եթե հանկարծ նախկիններից որևէ մեկը հայտարարեր, թե Հայաստանում կա նույնիսկ մի թիզ հող, որը մերը չէ։

Բայց Ալեն Սիմոնյանը ավելի վատ բան էլ է ասել այսօր։ Նա ուղիղ, առանց հանրությանը խաբելու և առանց իրենց իշխանության դավադիր պլանները թաքցնելու, հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է հարձակվի Հայաստանի վրա՝ այլ տարբերակ չունի Ադրբեջանը։ 

«Ես չեմ բացառում, որ կհարձակվեն, ներողություն, իսկ ինչի՞ չհարձակվեն, կարծում եմ, որ իրենք դա բաց բան են արել... մենք, իհարկե, պատրաստ ենք, ու էնպես չի, որ ընդդիմադիրների էն տրամաբանությունից ենք ելնում, որ ամեն ինչ տալիս ենք: Հայաստանի տարածքից որևիցե բան նույնիսկ սակարկման մեջ չենք դնում»,- միամտաբար կամ դիտավորյալ իրենց իշխանության քաղաքականության ողջ էությունը բացահայտեց Նիկոլ Փաշինյանի սիրելի ԱԺ նախագահը։

Ի դեպ, այս հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը, վստահաբար, էլ ավելի շատ կսիրի Ալենին, որովհետև նա առաջինն էր, որ ուղիղ ասաց այն, ինչ ինքը մի քանի տարի հակացնում էր, բայց չէր ասում։ Իսկ ի՞նչ է իրենց ուզածը։ Շատ պարզ բան՝ ուզում են, որ Ադրբեջանը հարձակվի, որ հողերը հանձնելը լեգիտիմացվի իրենց կողմից, ինչպես եղավ Արցախում։ Դրա համար միանգամայն ճիշտ է ասում Ալենը՝ ինչո՞ւ չհարձակվի, պիտի հարձակվի ու մի բան էլ ավելին վերցնի, քան իրենք հիմա «բանակցում են», որ տան խաղաղ ճանապարհով։ Բայց խաղաղ ճանապարհով հանձնվող գյուղերը, որոնք «հայկական չեն», Ալիևին, բնականաբար, չեն բավարարելու, նա դրանից հետո էլի գյուղեր ու տարածքներ է ուզելու, որոնք Ալիևին զիջելը կարող է, հավանաբար, շատ բարդ լինել Փաշինյանի համար։

Համենայնդեպս, գուցե ինչ-որ պահի ժողովուրդն իսկապես ոտքի կկանգնի ու թույլ չի տա, որ Նիկոլ անունով մեկը հերթով մեր հայրենիքի սահմանները փոքրացնի։ Իսկ Ադրբեջանի կողմից հարձակման դեպքում, որին մենք, բնականաբար, ինչպես նախորդ հարձակումների ժամանակ է եղել, ամբողջ ուժով ու ռեսուրսով չենք պատասխանի, լրիվ լեգիտիմ հիմքեր կստեղծվեն՝ Ալիևի պահանջած բոլոր տարածքները, մի բան էլ՝ ավելին, հանձնել Ալիևին։ 

Պատերազմով հանձնելու դեպքում հեշտ կլինի ժողովրդին համոզել, որ «նախկինները դեռ մի քսան տարի առաջ բանակն այնպես էին թալանել, որ չկարողացանք դիմակայել թշնամու հարձակմանը»։ 

Ու կհարձակվի Ալիևը, չկասկածեք։ Պարզապես հիշեցնենք, որ երբ Հրանտ Բագրատյանն էր ասում, թե «ես Ալիևի տեղը լինեի, վաղն էլ կհարձակվեի», այդ նույն նիկոլականները հարձակվել էին Բագրատյանի վրա ու նրան դավաճան էին անվանում։ Հիմա, երբ Ալեն Սիմոնյանն է նույն բանը ասում, նրան ոչ ոք, բնականաբար, չի քննադատի ու չի ասի, թե Ալիևի ջրաղացին ջուր է լցնում։ 

Վահե Մակարյան