Սեփական պատմությունից փախչելը կամ սեփական պատմությունը խմբագրելը լավ տեղ չի տանելու

Սեփական պատմությունից փախչելը կամ սեփական պատմությունը խմբագրելը լավ տեղ չի տանելու

MediaHub-ը փետրվարի 13-ից պարբերաբար հիշեցնում է, որ ԱԳՆ պաշտոնական կայքից հեռացվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր բաժինը: Այսօր էլ, երբ փորձում ես մուտք գործել այդ բաժին, ԴԵՌ error է տալիս, շաբաթներ շարունակ այս վիճակն է: 

Իսկ երեկ հայտնի դարձավ, որ Արցախի բաժինը հեռացվել է նաև ՀՀ նախագահի կայքից։ Երկու կառույցներից էլ նշում են, որ հեռացումը ժամանակավոր է։ ԱԳՆ-ից մեզ հայտնում են, որ խնդիրը ոչ թե տեխնիկական է, այլ կայքի բովանդակությունը կվերականգնվի ու կարտահայտվի կայքում։

Արդեն երկու ամսից ավելի սպասում ենք, որ ԱԳՆ-ն իր պաշտոնական կայքում կվերականգնի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր բաժինը, դրան գումարվեց նաև նախագահի պաշտոնական կայքը: Ու քանզի այս գործընթացները տեղի ունեցան Բաքվի համապատասխան պահանջներից հետո, հարց է ծագում՝ արդյո՞ք բաժինները իսկապես կվերականգնվեն և եթե այո, ապա ի՞նչ տեսքով, ի՞նչ բովանդակությամբ, և արդյո՞ք սա հերթական ապացույցը չէ, որ ՀՀ ներկայիս իշխանությունը վերաձևում է պատմությունը. այս հարցերի շուրջ MediaHub-ը զրուցել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանի հետ։

«Ես էլ եմ մամուլում տեսել այդ արձագանքը, որ նյութը հանվել է և մեկնաբանվել է, որ տեխնիկական փոփոխություններով է դա պայմանավորված, և ես հույս եմ հայտնում, որ իրապես այդպես է։ Եվ հույս ունեմ, որ նշված տեխնիկական խնդիրները լուծվելուց հետո նյութը կտեղադրվի կայքում, բայց այստեղ հարցն այն է, որ նյութը բովանդակային փոփոխության չենթարկվի»,- ասաց Հովհաննիսյանը։

Ըստ պատմաբանի՝ խնդիրը նրանում է, որ մենք կարողանանք պաշտոնական կայքէջերում և ցանկացած հարթակում պատմական ճշմարտությունը ներկայացնել Արցախի հիմնախնդրի, Արցախի շուրջ տարբեր պատմական փուլերում զարգացած իրադարձությունների, Ադրբեջանի համապատասխան հայատյաց քաղաքականության դրսևորումների մասին՝ սկսած 1988 թվականից և դրանից առաջ ու մինչև մեր օրերը, որն այսօր էլ շարունակվում է: Հովհաննիսյանը շեշտեց՝ մենք պետք է այդ ամբողջ քաղաքականությունը կարողանանք պատշաճ ներկայացնել, քանի որ պաշտոնական էջերը հանդիսանում են նաև կարևոր աղբյուր։

«Սեփական պատմությունից փախչելը կամ սեփական պատմությունը խմբագրելը, եթե, իհարկե, նման մտադրություն կա, խիստ վտանգավոր է և լավ տեղ չի տանելու։ Դրա համար պետք է շատ զգուշ լինենք և նրբանկատ, քանի որ մի կողմից, եթե դու խմբագրում ես քո պատմությունը, ապա մյուս կողմից նպաստում ես քո թշնամու պատմության, այսպես ասած, սրբագրմանը, որովհետև իրենք էլ ճիշտ հակառակն են անում։ Պատմակեղծարարությամբ զբաղվելով՝ փորձում են տիրանալ ոչ միայն քո հայրենիքին, այլ մշակութային ժառանգությանը, քո ստեղծած հոգևոր և նյութական արժեքներին: Եվ եթե դու հարմարվողական և հանդուրժողական կեցվածք ես ձեռք բերում այս քաղաքականության նկատմամբ՝ ինքդ էլ փոխելով ու վերափոխելով պատմությունը, առնվազն լռելով ու քարոզելով, ապա այդ դեպքում տասնամյակներ հետո շատ դժվար է լինելու շատ հարցերի շուրջ անգամ խոսել և ներկայացնել»,- նկատեց պատմաբանը։

Ամփոփելով խոսքը՝ մեր զրուցակիցը նշեց՝ պետք է շատ զգուշավոր լինել և քարոզչական դաշտում ճիշտ քաղաքականություն իրականացնել։  

«Հուսանք, որ խմբագրման արդյունքում լուրջ բովանդակային փոփոխությունների չի ենթարկվելու Արցախի մասին բաժինը: Այսինքն, մեզ պետք չէ ոչինչ կեղծել կամ ավելին ասել, կամ պակաս, պետք է ասել ճշմարտությունը։ Եվ հուսանք, որ այս խմբագրումների, փոփոխությունների պատճառով բովանդակությունը չի տուժի և բովանդակությունը չի փոխվի»,- հավելեց նա։

Մարիաննա Արամյան