Հանրային հեռարձակողի խորհուրդը երեք օր ժամանակ է տվել Արմեն Քոլոյանին 

Հանրային հեռարձակողի խորհուրդը երեք օր ժամանակ է տվել Արմեն Քոլոյանին 

Մենք երեկ գրել էինք, որ Հանրային ռադիոյի սկանդալային համբավ ձեռք բերած տնօրեն Արմեն Քոլոյանի գլխին սև ամպեր են կուտակվել: Մասնավորապես, MediaHub-ը տեղեկացել էր, որ Հանրային հեռարձակողի խորհուրդը երեկ նիստ էր գումարելու՝ Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանի նկատմամբ կարգապահական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու նպատակով:

Սեղանին Քոլոյանի վարքն էր, որից դժգոհություններ կան Ռադիոյում, և նրա անարդյունավետ ծախսերը։ 

Օրինակ՝ մեզ պատմեցին, որ նա այլ երկիր գործուղման է ուղարկել լրագրողներից մեկին, որի հետ նաև այլ՝ կողմնակի անձինք են մեկնել։ Կամ, օրինակ, Քոլոյանը բաժանորդագրվել է Reuters-ին, որի ամսական բաժանորդագրությունը շուրջ $3000 է: Իսկ արդյունավետությունն այդ բաժանորդագրության մոտ է 0-ի: Ու սա այն դեպքում, երբ աշխատակիցների աշխատավարձերը տարիներով չեն ավելանում: Այս և այլ հարցեր է քննության առել երեկ Հանրային հեռարձակողի խորհուրդը։ 

MediaHub-ն այսօր փորձեց ՀՀՌ անդամ և Խորհրդի նախագահի պարտականությունները կատարող Վարուժան Օլքինյանից տեղեկանալ, թե Խորհուրդն ի՞նչ որոշում է կայացրել Քոլոյանի մասով, և արդյոք նա պատասխանատվության կենթարկվի՞, թե՞ ոչ։ Օլքինյանը, սակայն, ասաց, որ շուտով ՀՀՌ կայքում կհայտնվի իրենց որոշումը, որից հետո, եթե հարցեր առաջանան, կպատասխանի հարցերին։

«Դուք որոշմանը ծանոթացեք, հետո նոր կխոսենք։ Երբ որոշումը կարդաք, էնտեղ հստակ ամեն ինչ գրված է, էլ հարցերի կարիք չի առաջանա, որովհետև էնտեղ արտառոց բան էլ չկա, դա մեր սովորական աշխատանքային ընթացքն է»,- ասաց Օլքինյանը։ 

Նշենք, որ մեր տեղեկություններով՝ Հանրային հեռարձակողի խորհուրդը երեք օր ժամանակ է տվել Արմեն Քոլոյանին, որպեսզի վերջինս բացատրություններ ներկայացնի իր կատարած ծախսերի վերաբերյալ։

Վահե Մակարյան