Հանրային ռադիոյի տնօրենի գլխին սև ամպեր են. Խորհուրդը դժգոհ է, նիստ է հրավիրել՝ բացատրություն ներկայացնելու պահանջով

Հանրային ռադիոյի տնօրենի գլխին սև ամպեր են. Խորհուրդը դժգոհ է, նիստ է հրավիրել՝ բացատրություն ներկայացնելու պահանջով

Հանրային ռադիոյի սկանդալային համբավ ձեռք բերած տնօրեն Արմեն Քոլոյանի գլխին սև ամպեր են կուտակվել:

MediaHub-ը տեղեկացավ, որ Հանրային հեռարձակողի խորհուրդը այսօր նիստ է գումարելու՝ խորհրդի նախագահի պարտականությունները կատարող նախաձեռնությամբ՝ Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանի նկատմամբ կարգապահական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու նպատակով:

MediaHub-ի տեղեկություններով՝ խորհուրդը մի շարք դժգոհություններ ունի Քոլոյանին ներկայացնելու, այդ թվում նաև բացատրություններ պահանջելու: Նախ, մեզ ասացին, որ ամենամեծ խնդիրը ֆինանսականն է, օրինակ՝ Քոլոյանը բաժանորդագրվել է Reuters-ին, որի ամսական բաժանորդագրությունը շուրջ $3000 է: Իսկ արդյունավետությունն այդ բաժանորդագրության մոտ է 0-ի: Ու սա այն դեպքում, երբ աշխատակիցների աշխատավարձերը տարիներով չեն ավելանում:

Դժգոհություններ կան նաև Քոլոյանի դեմ ներկայացրած դատական հայցերի մասով, մի շարք աշխատակիցներ դիմել են դատարան, քանի որ Քոլոյանը նրանց նկատմամբ, իրենց պնդմամբ, անհիմն կարգապահական վարույթներ է կայացրել, անգամ աշխատանքից ազատումներ արել, կրճատել հաղորդումներ և այլն, և որոշ գործերով դատարանը հօգուտ հայցվորի է վճիռ կայացրել:

Մեզ փոխանցեցին, որ խորհուրդը դժգոհ է Քոլոյանից, քանի որ նա լարված հարաբերություններ ունի աշխատակիցների հետ, ռադիոյի աշխատակիցները նրա հետ գրեթե չեն շփվում, շփման այդ եզակի պահերն էլ բավականին լարված մթնոլորտում են անցնում: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Քոլոյանը առաջին իսկ օրվանից ամենն անում է, որ մարդիկ «թքեն ու դուրս գան»:

Դժգոհություններ կան նաև նրա ֆինանսական քաղաքականության մասով, քանզի Քոլոյանը, ասում են, նոր ընդունված կադրերին աշխատավարձով խրախուսում է՝ ռադիոյի համար չլսված աշխատավարձի չափեր է սահմանում, իսկ ռադիոյի հնաբնակները ոչ միայն աշխատավարձի բարձրացում չունեն, այլև մշտապես ինչ-որ սանկցիաների տակ են գտնվում, ինչը նաև հարվածում է նրանց գրպանին:

MediaHub-ը շարունակում է հետևել զարգացումներին:

Հիշեցնենք, որ Քոլոյանն աչքի է ընկել իր արցախատյաց դիրքորոշմամբ. Պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո նա, նախ, կառույցի միջանցքում փակցրեց թշնամի երկրների՝ Ադրբեջանի և Թուրքիայի ժամանակ ցույց տվեղ ժամացույցներ, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց և աշխատակիցների ընդվզումից հետո ստիպված եղավ դրանք հեռացնել, ապա Հանրային ռադիոյի շենքի դիմացից հեռացրեց Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի դրոշը, իսկ նրա կինը սոցիալական ցանցերում ատելության խոսք է տարածում արցախցիների նկատմամբ:

Ի դեպ, այսօր նշվում է Ռադիոյի օրը....