Լաչինի միջանցքը շարունակում է մնալ փակ, ինչը պատճառ է շուրջ 120.000 բնակչի, այդ թվում՝ 30.000 անչափահասների բնականոն կյանքին խաթարող անհարմարությունների: Արցախի ներքին գործերի նախարարության տարածած հայտարարությունում նշվում է, որ ներկայումս գործում է երկու՝ ծայրամասային թաղամասեր սպասարկող երթուղիներ, ինչպես նաև նոր զգուշացումներ՝ բնակիչների անվտանգությունն ապահովելու նպատակով:
Հայտարարությունն ամբողջությամբ.
«Հանրապետությունում ստեղծված իրավիճակով պայմանավորված, վառելիքի սղության և հանրային տրանսպորտի բացակայության պատճառով, մայրաքաղաքում բացի երկու երթուղիներից, որոնք ծայրամասային թաղամասերն են սպասարկում, դադարեցված է հասարակայան տրանսպորտի շահագործումը:
Այս օրերին մի խումբ քաղաքացիներ, այդ թվում՝ անչափահասներ, որպես այլընտրանքային միջոց օգտագործում են հեծանիվներ, մոպեդներ և կամ ինքնագլորներ:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է ծնողներին, ուշադիր լինել երեխաների նկատմամբ և տրանսպորտի այլընտրանքային միջոցները կիրառել նախատեսված վայրերում, առանց վտանգելու սեփական կյանքը, բացառելու վթարների դեպքերը»:
Հիշեցնենք, որ Արցախում կա ոչ միայն վառելիքի, այլ նաև սննդի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության պարագաների զգալի պակաս: