ԵԱ. Սլավիկ Գալստյանը հաղթեց տուշեով եւ նվաճեց բրոնզե մեդալ

ԵԱ. Սլավիկ Գալստյանը հաղթեց տուշեով եւ նվաճեց բրոնզե մեդալ

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտվող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմը նվաճեց երրորդ բրոնզե մեդալը:

67 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար պայքարում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը մրցեց 2021 թվականի աշխարհի բրոնզե մեդալակիր, Վրաստանի ներկայացուցիչ Ռամազ Զոիձեի հետ եւ հաղթեց տուշեով:

Երկրորդ մրցափուլում գորգի մրցավարը պասիվություն տվեց Զոիձեին, Սլավիկ Գլաստյանը նախ գլորում կատարեց, ապա գրանցվեց տուշե: Վրաստանի ներկայացուցիչի մարզիչները բողոքարկեցին, բայց կողային մրցավարները խախտում չգտան Սլավիկ Գալստյանի հնարքում, գրանցեցին տուշե: Գոտեմարտն ավարտվեց 4-րդ րոպեի մեկնարկին 5:3 հաշվով:

Սլավիկ Գլաստյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 5:0 հաշվով հաղթել էր Ֆրանսիայի ներկայացուցիչ Ստեֆան Ռոջեր Կլեմանին: Քառորդ եզրափակիչում ժամանակից շուտ առաջին մրցափուլում 9:0 հաշվով տպավորիչ հաղթանակ էր տարել նորվեգացի Մորտեն Տորեսենի նկատմամբ: Գոտեմարտն ավարտվեց առաջին մրցափուլի վերջնամասում:  Կիսաեզրափակիչում 2:4 հաշվով պարտվել էր հունգարացի Կրիստիան Վանզային:

Հայաստանի հավաքականն ավարտեց պայքարը Եվրոպայի առաջնությունում: Էդուարդ Սահակյանի գլխավորած թիմը նվաճեց 1 ոսկե, 3 բրոնզե մեդալներ:

Եվրոպայի չեմպիոն հռչակվեց Մալխաս Ամոյանը (77 կգ), բրոնզե մեդալակիրներ՝ Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գեւորգ Ղարիբյանը (60 կգ) եւ Սլավիկ Գալստյանը (67կգ):