ՀՀ-ից ժամանած ուղևորներին շարունակում են «նեղել» Մոսկվայի օդանավակայաններում

ՀՀ-ից ժամանած ուղևորներին շարունակում են «նեղել» Մոսկվայի օդանավակայաններում

Դեռ ամռանը MediaHub-ը գրել էր այն մասին, որ շատ են բողոքները, որ ՀՀ քաղաքացիների մուտքը Ռուսաստանի Դաշնություն դարձել է բավականին բարդ և դժվարություններով լի։

Այս ամիսների ընթացքում MediaHub-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել և շարունակում ստանալ, որ ՀՀ քաղաքացիները որոշակի դժվարություններ են ունենում ՌԴ օդանավակայաններում:

Մասնավորապես, օդանավակայանում անձնագրերի ստուգման ժամանակ ռուս սահմանապահները, տարբեր պատճառներ ներկայացնելով, ուղեկցում են ՀՀ քաղաքացիներին կից սենյակներ, հարցաքննում նրանց, ժամերով «հարց ու փորձ» անում, թե ինչո՞ւ են եկել ՌԴ, ու դա տևում է մի քանի ժամ։ 

Նման դեպքի առնչվել է անձամբ MediaHub-ի լրագրողը. ապրիլի 9-ին   Երևանից Մոսկվա մեկնած տասնյակ ՀՀ քաղաքացիների ժամերով պահել են ՌԴ մայրաքաղաքի օդանավակայանում, հարցաքննվել, պատճառներն ներկայացվել են տարբեր՝ անձնագրի հետ կապված խնդիրներ, անձի լուսանկարի հետ կապված խնդիրներ և այլն։ 

Նույն մեթոդներով ՀՀ քաղաքացիները, չգիտես ինչու, անընդհատ դառնում են սահմանապահների կողմից հարցաքննվելու թիրախ, և, որքան հասկանում ենք ահազանգերից, սա կրում է համատարած ու պարբերական բնույթ: Մեզ ահազանգած քաղաքացիները նշում են, որ անգամ տարեց և դժվարությամբ քայլող կենսաթոշակառուներին են ուղեկցում սենյակներ, ժամերով սպասեցնում, անգամ չեն թողնում նստել ու հարցաքննությունն էլ անցկացնում կանգնած վիճակում: 

Ի դեպ, բացի ՀՀ քաղաքացիներից, Մոսկվայի օդանակավայաններում ապրիլին նույն դիմավորման արժանացել են նաև Ղրղզստանի, Տաջիկստանի, Չինաստանի և այլ երկրների քաղաքացիներին։

Դեռ տասնամյակ առաջ անհնար էր պատկերացնել, որ մի օր ՀՀ քաղաքացիների մուտքն արհեստականորեն կդժվարանա ՌԴ տարածք: Ոմանք այս վիճակը կապում են Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության հետ և նշում, որ հենց սա է պատճառը, որ ՌԴ–ում «այլ աչքերով են սկսել նայել ՀՀ քաղաքացիներին»։

Մարիաննա Արամյան