Շտապօգնության մեքենայի վթարից տուժած բուժքույրը գիտակցության է եկել. մանրամասներ

Շտապօգնության մեքենայի վթարից տուժած բուժքույրը գիտակցության է եկել. մանրամասներ

Նախօրեին հայտնել էինք, որ ապրիլի 8-ի վաղ առավոտյան շտապ օգնության մեքենայի մասնակցությամբ խոշոր վթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։40-ի սահմաններում Թամանցիներ փողոցում՝ «Գործարանային մետրո»-ի հարևանությամբ «Toyota» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան բախվել էր երկաթե էլեկտրասյանը։ 

Վարորդը, բժիշկն ու բուժքույրը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։

Վիրավորներից մեկը՝ բժշկուհի Ղազարյանը, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել էր: Իսկ բուժքույրը ծայրահեղ ծանր վիճակում էր։ Նրան հենց վթարի օրը վիրահատել էին, այդ օրը վիճակը կայուն ծանր էր, նա գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում։

Այսօր արդեն վթարից տուժած բուժքույրը գիտակցության է եկել։

«Այսօր եմ նրան այցելել, զրուցել ենք, գիտակցության է եկել, քննարկել ենք, թե ինչ է եղել»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Ռուբեն Գրիգորյանը։

Նա տեղեկացրեց, որ բուժքույրը դեռ վերակենդանացման բաժանմունքում է, սակայն կյանքին այլևս վտանգ չի սպառնում։

«Թոքերը սնուցող սարքն անջատել են, բայց դեռ շարունակում է վերակենդանացման բաժանմունքում մնալ։ Այս փուլում սա կարող եմ ասել»,- նշեց նա։

Նարե Գնունի