«Հումանիտար աղետ է»․ արցախցիները հավաքվում են ՌԴ դեսպանատան դիմաց

«Հումանիտար աղետ է»․ արցախցիները հավաքվում են ՌԴ դեսպանատան դիմաց

Այսօր հավաքվում ենք ՌԴ դեսպանատան դիմաց, նպատակը նույնն է՝ միջազգային դերակատարներից ՌԴ-ի դերը կրկնակի ավելի է այդ ճանապարհի անվտանգ երթևեկության և անխափան գործունեության գործընթացում, դրա համար էլ պահանջում ենք, որ իրենց պարտականությունները հավուր պատշաճի իրականացնեն։  

Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Մուշեղ Ալաավերդյանը՝ խոսելով Լաչինի միջանցքի փակ լինելու և հետագա ռիսկերի մասին։ 

Հիշեցնենք, որ արդեն ութերորդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: 1100 քաղաքացի, որից 270-ը անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի։ 

«Ռուս խաղաղապահներին պետք է հարցնել, թե ինչու մինչև հիմա ճանապարհը չի բացվել։ Այս օրերին բազմաթիվ հումանիտար խնդիրներ են առաջացել՝ սննդի, դեղորայքի, բժշկական օգնության։ Ընտանիքներ կան, որ երեխաները Հայաստանում են։ Սխալ չի լինի ասել, որ արդեն հումանիտար աղետ է»,-ասաց նա։

Մուշեղ Ալավերդյանի խոսքով՝ արցախցիները կոփված ժողովուրդ են, բայց ամեն դեպքում այսպես շարունակվել չի կարող։ «Միջազգային հանրությունը ևս պետք է արձագանքի, բոլորը պետք է քայլեր ձեռնարկեն»։

Լիաննա Թորոսյան