Ծեծուջա՞րդ, ինտրիգնե՞ր․ ի՞նչ սպասել Գյումրիում քարոզարշավից և ընտրություններից

Ծեծուջա՞րդ, ինտրիգնե՞ր․ ի՞նչ սպասել Գյումրիում քարոզարշավից և ընտրություններից

Գյումրիում մարտի 30-ին անցկացվելու են ավագանու արտահերթ ընտրություններ, արդեն հայտնի են մասնակից ուժերը, նախընտրական քարոզարշավն էլ մեկնարկեց երկու օր առաջ: Թեև հարկ է նշել, որ ՔՊ–ն, ըստ էության, դեռ մեկ ամիս առաջ էր սկսել իր քարոզարշավը։

Գյումրին նման չէ այլ քաղաքների, այստեղ գործում են նաև «փողոցի օրենքները»: Քանի որ խոսքը արտահերթ ընտրությունների մասին է, նախընտրական քարոզարշավը տևելու է ընդամենը երկու շաբաթ: Ի՞նչ իրավիճակ է քարոզարշավի մեկնարկից հետո, ի՞նչ զարգացումներ սպասել, արդյո՞ք կանխատեսվող ծեծուջարդ կլինի. այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ։

«Ծեծուջարդի կամ այդպիսի հեռանկարների մասով՝  ես, ընդհանուր առմամբ, չեմ բացառում ոչինչ: Կարծում եմ՝ խաղադրույքը շատ բարձր է դրած: Եթե իշխանության կողմից սանձազերծելու մասին է խոսքը, ապա իշխանությունը, իմ կարծիքով,  իր համար խաղադրույքներն այնքան բարձր է դրել, որ ամեն ինչի կարող է գնալ, և այդպես էլ անում են։ Չեմ բացառում, որ գործը կհասնի շատ կրքեր գրգռելու փորձերին կամ ընտրակաշառքին, ամեն ինչ կարող են անել, քանի որ իշխանության համար այս ընտրությունները շատ կարևոր նշանակություն ունեն»,– նշեց Հակոբյանը։

Ըստ քաղտեխնոլոքի՝ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես իրենց կպահեն և ինչ վարքագիծ կդրսևորեն ոչ իշխանական ուժերը, եթե լինի ընկալում բոլորի մոտ, որ այս ընտրությունները որքան կարևոր են իշխանության համար և ճակատագրական նշանակություն ունեն:

«Այստեղ պետք է զանազանել առաջնայինը և երկրորդականը, այսինքն, եթե գլխավոր խնդիրը ոչ իշխանական ուժերի համար դրվի ՔՊ–ին պարտության մատնելը, իսկ հետո արդեն բանակցությունների արդյունքում փորձել ձևավորել ոչ իշխանանական ավագանի Գյուրիում, ապա, իմ կարծիքով, կարող են լուրջ ինտրիգներ լինեն և բավականին հետաքրքիր զարգացումներ»,– ասաց քաղտեխնոլոգը։  

Հակոբյանը շեշտեց․ «Ընտրախախտումներ, ծեծուջարդ հնարավոր կլինեն միայն այն դեպքում, եթե քաղաքի մթնոլորտը լինի անհանդուրժողական, եթե մթնոլորտային առավելությունը քաղաքում լինի ի օգուտ իշխանության, եթե քաղաքում ու փողոցում, գյումրեցիների խոհանոցում լինի անհանդուրժողականություն իշխանության նկատմամբ, ապա իշխանությունը հնարավոր է փորձի գնալ կոշտ միջոցների: Սակայն, եթե փողոցում, մարդկանց ուղեղներում պարտված լինի իշխանությունը, ապա այն չի գնա այդպիսի քայլերի»։

Եթե իշխանությունը փողոցում պարտված է, ընդգծեց քաղտեխնոլոգը, որ այլևս ոչինչ չի կարող անել՝ մթնոլորտն այդպիսին է։ Ըստ նրա՝ Գյումրիում իշխանությունը բավականին ցածր վարկանիշ ունի, և, մասնավորապես, Փաշինյանի այցից հետո:

«Նիկոլ Փաշինյանը, որ այցելեց Գյումրի, ըստ էության, արձանագրեց, որ իրենց թեկնածուն ՔՊ–ի թեկնածուն է, այլ ոչ թե քաղաքի տղա, որը դեպքերի բերումով առնչվում է այդ իշխանության հետ։ Փաշինյանն եկավ և ասաց՝ մեր թեկնածուն է, թիմն էլ  ՔՊ–ն է։ Իմ կարծիքով՝ իրենց թեկնածուի վարկանիշը բավականին նվազում է, քանի որ այն բացասականը, որ ունի ՔՊ–ն, քաշեցին իրենց թեկնածուի վրա, եթե անգամ նա ուներ որոշակի ռեյտինգ։ Կարծում եմ, Գյումրիում կա շանս, որ ոչ իշխանական թևերն իրար մեջ պայմանավորվեն, որ իրենց գլխավոր նպատակն է իշխանությանն իշխանազրկելը, թույլ չտալը, որ իշխանության գա և չհամագործակցել այլևս իշխանության հետ, իսկ ավագանիում կարող են ձևավորել ոչ ՔՊ–ական իշխանություն»,– նշեց նա։

Հարցին՝ հարցումները ցույց են տալիս, որ գյումրեցիների բավականին մեծ մասը չի ցանկանում մասնակցել ընտրություններին, արդյո՞ք Երևանի փորձը կկրկնվի Գյումրիում, երբ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների շատ փոքր տոկոսն էր մասնակցել քվեարկության, Հակոբյանը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ բացասական պրոցես է, նախ և առաջ ոչ իշխանական թևերը պետք է կարողանան ապահովել հնարավորինս մեծ ներկայություն և մասնակցություն ընտրություններին. դա թիվ մեկ խնդիրն է:

«Ինչքան բարձր լինի մասնակցությունը, այդքան մեծ են շանսերը, որ իշխանությունն անհաջողության է մատնվելու։ Գյումրիում ընտրելու այլընտրանքներ կան, այնպես չի, որ այլընտրանքները քիչ են, կարծում եմ՝ յուրաքանչյուրը կարողանալու է իր ընտրազանգվածին բերի, և թույլ չի տա, որ իշխանությունն իր ստացած ձայներով, փոքր մասնակցության պայմաններում, կարողանա մոտ լինել միայնակ իշխանություն ձևովորելուն»,- հավելեց մեր զրուցակիցը։

Մարիաննա Արամյան