ԲՏԱ նախարարի հերթական խոսնակն է ազատման դիմում գրել․ Մխիթար Հայրապետյանի հետ ոչ ոք «յոլա չի գնում»

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հերթական մամուլի քարտուղարն է ազատման դիմում գրել։ Կարինե Տերտերյանը, որը ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի մամուլի քարտուղարն ու հասարակության հետ կապերի բաժնի պետն էր, այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
«Ուզում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, որոնց հետ համագործակցել եմ այս ընթացքում։ Սա եղել է պատասխանատու ու կարևոր ճանապարհ, որի ընթացքում ջանացել եմ իմ ողջ նվիրումով ծառայել նախարարության նպատակներին և բարձր պահել ինչպես կառույցի, այնպես էլ նախարարի անունը»,- նշել է նա։
Թե որքանով է Կարինեին հաջողվել բարձր պահել իր նախարարի անունը, դժվար է ասել, բայց այն, որ Մխիթար Հայրապետյան անունով այդ նախարարը այս ընթացքում հասցրել է գցել թե՛ նախարարության անունը, թե՛ նախարարի կերպարը՝ իր օրինակով ևս, դա տեսնում ու գնահատում են իրեն ճանաչողներն ու իր հետ աշխատած և աշխատող տարբեր մարդիկ։
Նախարարության ներսից MediaHub-ին շատ են դժգոհել, որ Մխիթար Հայրապետյանի հետ շատ բարդ է աշխատելը, ու նաև դա է պատճառը, որ ոչ մի խոսնակ երկար չի ձգում նրա հետ։ Սրանից առաջ էլ Լուսինե Մովսիսյանն էր սեփական նախաձեռնությամբ դադարեցրել Հայրապետյանի մամուլի քարտուղարի իր պարտականությունները ու մի տևական ժամանակ ԲՏԱ նախարարն առանց խոսնակի էր, մինչև որ գտան Կարինեին, որը ևս, ինչպես տեսանք, երկար չդիմացավ նրան։
Իսկ ինչո՞ւ չեն կարողանում «յոլա գնալ» Հայրապետյան Մխիթարի հետ։ Որովհետև, ասում են, մեծամիտ ու ամբարտավան, իրենից առանձնապես ոչինչ չներկայացնող, բայց իր մասին շատ մեծ կարծիք ունեցող, մեծամիտ ու ինքնահավան երիտասարդ է, որը անհարիր դիրքերից է շփվում իր ենթակայությամբ աշխատող անձանց հետ։ Նրա այդօրինակ վարքը նկատելի է նաև լրագրողների հետ շփումներում, երբ ճեպազրույցների կամ մամուլի ասուլիսների ժամանակ փորձում է լրագրողներին իբր դասեր տալ՝ իր դասերը նորմալ չսովորած, «կրթել» լրագրողներին, էթիկա ու էսթետիկա սովորեցնել, ինչի համարժեք պատասխանը, իհարկե, լրագրողների կողմից հաճախ ստանում և սաստվում է։ Հիմա տեսնենք՝ հաջորդ խոսնակը ով է լինելու և որքան է դիմանալու այս՝ «մանկական հայացքով» մեծամիտ երիտասարդի ձեռքը։
Վահե Մակարյան